ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
123 թուրք մտավորական հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին ու կոչ անելով միջազգային հանրությանը դիտորդի դերում լինելու փոխարեն գործի անցնել ու կանխել մարդկային նոր ողբերգությունը։
Թուրք մտավորականների կողմից «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ նրանք մասնավորապես արձանագրել են, թե ինչպես սեպտեմբերի 19-ին Բաքվի ռեժիմը, որն ամիսներ շարունակ շրջափակման մեջ էր պահում Լեռնային Ղարաբաղը, ռազմական գործողություններ սկսեց ամբողջ աշխարհի աչքի առաջ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի հերթական նստաշրջանի ընթացքում։
«Ադրբեջանն այս հարձակումն իրականացրեց Թուրքիայի և Իսրայելի ակնհայտ աջակցությամբ, իսկ ողջ աշխարհը լուռ հետևում էր տեղի ունեցողին։
Կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ»,- նշել են թուրք մտավորականները՝ ընդգծելով, որ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոյի նախազգուշացումները հատ առ հատ իրականություն են դառնում։
Թուրք գործիչները հիշեցրել են, որ թեպետ ամիսներ շարունակ տարբեր միջազգային կառույցներ ու երկրներ կոչ էին անում Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայերի շրջափակումը, սակայն այդ երկիրն ականջալուր չէր լինում նրանց։ Եվ հիմա անիմաստ է ակնկալել, որ Բաքվի ռեժիմը կենթարկվի Արցախում կրակը դադարեցնելու կոչերին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ