Հայաստանի ազգային պատկերասրահ հերքում է 120 մլն դրամի արժեքավոր իրերի անհետացման լուրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահը արձագանքել է դատախազության  հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ են անհետացել։ Հայաստանի ազգային պատկերասրահի տարածած հաղորդագրության համաձայն՝ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Հայտարարությունը՝ ստորև․

«Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնապես տեղեկացնում է.

Նախորդ օրը մամուլում և հեռուստաընկերություններում տեղ գտած և մեծ աղմուկ բարձրացրած հրապարակումներն այն մասին, որ իբրև թե Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ են անհետացել, չի համապատասխանում իրականությանը: 

«Հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը վերաբերում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ին, որը 2016 թվականին լուծարվել և միացվել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Նախկին «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ի ֆոնդերի փաստացի առկայության ստուգման և հաշվառման աշխատանքներն ընթացքի մեջ են: Փաստացի առկայության ստուգման ընթացքում հայտնաբերված բացակայող առարկաների մասին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությունը տեղեկացրել է վերադաս լիազոր և իրավապահ մարմիններին, ինչի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ: 

Հարգելի լրագրողներ որևէ նյութ հրապարակելիս խնդրում ենք չգայթակղվել սենսացիոն վերնագրեր օգտագործելու հնարավորությունից, ցուցաբերել մասնագիտական բարձր ունակություններ, չզբաղվել զազրախոսությամբ և զերծ մնալ Հայաստանի Մայր թանգարանի՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, անունն անհարկի շահարկելուց ու չփորձել մոլորեցնել մեր հասարակությանը»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ Հայաստանի ազգային պատկերասրահից 120 մլն ՀՀ դրամ արժեքով մշակութային արժեքներ են անհետացել: