ԱՄՆ դեսպանատունը հոլովակ է պատրաստել՝ ներկայացնելով դեսպանի գործունեության ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 9, 24News

ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատունը տեսահոլովակ է պատրաստել, որում ներկայացրել է դեսպան Լին Թրեյսիի հայաստանյան գործունեության առաջնահերթությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան  Լին Թրեյսին վստահություն է հայտնեՀՀ-ում ԱՄՆ դեսպան  Լին Թրեյսին վստահություն է հայտնել, որ Հայաստանում լավ ժամանակներ են լինելու: «2018 թվականի ապրիլից շատ բան է փոխվել այստեղ: Մեր երկու երկրներին միավորում են ընդհանուր ժողովրդավարական արժեքները: Իմ պաշտոնավարման ընթացքում ես պատրաստ եմ աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

Նրա խոսքով՝ աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները գյուղատնտեսության զարգացման համար: «Ոլորտն ինձ սրտամոտ է, քանի որ ընտանիքս Օհայոյում զբաղվում է գյուղատնտեսությամբ: Գիտեմ՝ ինչքան կարևոր է գյուղացիական տնտեսություններին աջակցելը և ուրախ եմ տեսնել, որ գյուղատնտեսական փորձի փոխանակումը Հայաստանի հետ 25-ամյա գործընկերության ընթացքում եղել է Միացյալ Նահանգների կառավարության ուշադրության կենտրոնում»,- նշում է դեսպանը:

Լին Թրեյսին ընդգծում է, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վառ ապագա է սպասվում: Նրա խոսքով՝ շատ ու շատ հայ երիտասարդներ, իրենց  ստեղծարար ձիրքն այս ոլորտում իրացնելով, նպաստում են, որ Հայաստանը մրցունակ լինի տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ շուկայում: «Ես սիրով կշարունակեմ դեսպանատան ջանքերն ուղղել Հայաստանի հետ գործարար և առևտրային կապերի զարգացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- ընդգծում է դեսպան Թրեյսին:

Դեսպանը հավելում է, որ երկրի անվտանգությունը կարևորագույն գործոն է յուրաքանչյուր պետության համար: «Այս հարցի շուրջ նույնպես մենք ամուր հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, ինչի վառ ապացույցն է ԱՄՆ Կանզաս նահանգի հետ գործընկերության ծրագիրը: Ես բարձր եմ գնահատում Հայաստանի ներգրավվածությունն Աֆղանստանի և Կոսովոյի խաղաղապահ առաքելություններում և համագործակցությունը ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հետ: Մերօրյա աշխարհում պետք է ջանք չխնայել խաղաղության ապահովման և հակամարտությունների կարգավորման համար»,- ասում է Լին Թրեյսին:

Նա կարևորել է նաև մշակութային կապերը՝ հպարտություն հայտնելով, որ աջակցում են Հայաստանի բազմադարյա մշակութային ժառանգության պահպանությանը դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցով:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նաև պատմում է, որ Օպերայի պատմական շենքը տեսնելիս հուզմունք է ապրել: «Համաշխարհային ճանաչում ունեցող «Սուսերով պարը» առաջին անգամ լսել եմ դպրոցական հասակում, իսկ այսօր հասկացա, որ այն մինչ օրս մնում է իմ ամենասիրած ստեղծագործություններից մեկը»:

Տեսահոլովակի վերջում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է հայերեն. «ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին եմ, շատ ուրախ եմ լինել Հայաստանում»:

Լին Թրեյսին ընդգծել է, որ Հայաստանում արժանացել է ջերմ ընդունելության և կազմ ու պատրաստ սպասում է գործընկերության հետագա ընդլայնմանը: