Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

l-0x0wh-1280x746z-0.6141

Նոյեմբերի 28-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերի հանձնման արարողության շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուի (Droupadi Murmu) հետ:

Հնդկաստանի նախագահական պալատում տեղի ունեցած մի քանի երկրի դեսպանների հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստանի պատմամշակութային և հաստատուն ժողովրդավարական արժեքներով հարուստ ավանդույթներին, ինչպես նաև զարգացող տնտեսական առաջընթաց գրանցող երկկողմ կապերին:

Հանդիպմանը Հնդկաստանի Հանրապետության նախագահն անդրադարձել է Հնդկաստանի տարբեր շրջաններում առկա հայկական վաղեմի ներկայության, վերջին շրջանում երկկողմ համագործակցության տարբեր բնագավառների նկատելի դարձած ակտիվության և մի շարք ծրագրերում երիտասարդների ներգրավվածությանը խթանող հետագա քայլերի ձեռնարկման նշանակությանը:

--00—ՅՄ