Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որը ռասիզմի հիմքով վանդալիզմ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

խխխ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Դեռևս 2003 թ․ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ մի խումբ հայ պատմաբաններ և հնագետներ պաշտոնական բողոք են ներկայացրել համապատասխան միջազգային կազմակերպություններին։ Այդ ժամանակ վերսկսվել էր Ջուղայի հայկական գերեզմանատան համակարգային ոչնչացման ակտը, որի դրվագները արձանագրվել էին դեռևս 1998 և 2002 թվականներին՝ արժանանալով միջազգային հանրության զայրույթին ու կշտամբանքին։

Սակայն որևէ կոչ ու մեղադրանք ի զորու չեղավ հեռացնել բարբարոս ադրբեջանական ջարդարար ձեռքը համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթական երևույթի՝ խաչքարի համակարգային ու նպատակադիր ոչնչացումից։ 2005 թ․ տեղի ունեցավ Ջուղայի հայկական գերեզմանատան տապանաքարերի ու խաչքարերի ոչնչացման վերջին արարը։

2006 թ․ ադրբեջանական կառավարությունը թույլ չտվեց Եվրոպառլամենտի ներկայացուցիչներին այցելել Ջուղա, ինչը հանցանքը քողարկելու հուսահատ փորձ էր։ Ադրբեջանական քարոզչամեքենան կեղծում է պատմական իրողությունը՝ հերքելով հայկական ներկայությունը Նախիջևանում անպատմելի ժամանակներից և քրիստոնեական հուշարձանները վերագրելով աղվաններին, սակայն տրամաբանական հարց է առաջանում, եթե աղվանները ադրբեջանցիների նախնիներն են, ապա ինչու են ադրբեջանցիները ոչնչացնում «իրենց իսկ նախնիների ժառանգությունը» և դրա փոխարեն ռազմական հրաձգարան կառուցում։

Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի իսկական գլուխգործոցներ էին, հայկական հոգևոր ընկալումների արգասիքներ, որոնց ոչնչացումը ռասիզմի հիմքով վանդալիզմ է, ինչի վրա կառուցված են ադրբեջանական հասարակության ու ավտորիտար ռեժիմի հոգևոր ընկալումները։ 2020-2023թթ․ ռազմական գործողություններին և էթնիկ զտմանը հաջորդած մշակութային զտումը ևս գալիս է փաստելու ասվածը։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը, լինելով ոչ միայն պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից բռնագաղթված հայության ոտնահարված իրավունքների վերականգնման, այլև այդ տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի հանձնառու, պահանջում է ադրբեջանական իշխանություններից քաղաքական կամք դրսևորել վերջ տալու այն բարբարոսությանը, որն այսօր ընթանում է Լեռնային Ղարաբաղում, պատասխանատվություն կրելու կատարված մշակութային ցեղասպանության համար, ինչը դեպի խաղաղ ու ապահով ապագա տանող միակ ճանապարհն է։

Մենք կոչ ենք անում նաև միջազգային հանրությանը, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին կոշտացնել Ադրբեջանի նկատմամբ խոսույթը, որովհետև նախկինում արձանագրված կոչերն ու հայտարարությունները մշտապես անտեսվել են միջազգային իրավունքը առավելագույնս ոտնահարող ադրբեջանական վարչակարգի կողմից»:

--00—ՅՄ