ՆԳ նախարարությունը ՀԲ պատվիրակության հետ քննարկել է համագործակցության ճանապարհային քարտեզը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Ղուրամ Ֆարուքի գլխավորությամբ։ Հայտնում են ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից։ 

Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ վարկավորման ծրագրի շրջանակներում (PSMP-4) արդյունավետ փոխգործակցության համար։ Նշված ծրագրի շրջանակներում նա հատուկ անդրադարձել է ծրագրված համատեղ միջոցառումներին, որոնք ներառում են նաև օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունների զարգացման ուղղությունը, ինչն էլ կունենա քրեական և համայնքային ոստիկանությունների ոլորտներում առօրյա գործառույթների թվայնացում։

ՆԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև համայնքային ոստիկանների համար անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը, այդ թվում՝ համազգեստին ամրացվող տեսախցիկների առկայությունը, որոնց գործարկման շնորհիվ կապահովվի համայնքային ոստիկանների թափանցիկ և հաշվետու գործելաոճը։

Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ խոսել են համագործակցության արդյունքում ինչպես արդեն իսկ իրականացված, այնպես էլ նախատեսվող ծրագրերի մասին։

Քննարկվել են նաև նյութական պահուստների կառավարման պլատֆորմում նախատեսվող ծրագրերի և միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորման մասին հարցեր։

Մտքեր փոխանակելիս կարևորվել է քաղաքացիներին ծառայություն մատուցելու նպատակով մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը, ինչի արդյունքում կմատուցվի բարձրակարգ ծառայություն, ինչպես նաև էականորեն կբարձրանա օպերատիվ արձագանքելու հնարավորությունը։

Հանդիպմանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու Ներքին գործերի նախարարությանն աջակցությունը: Քննարկվել է նաև համագործակցության հետագա ուղղությունների ճանապարհային քարտեզը։

--00—ՍՊ