Քաղաքացիների հավատն առ Փաշինյան վերջանալու է և հենց թիմի ջանքերով․ Գևորգ Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Վարչապետը ստիպված է զբաղվել առօրյա խնդիրներով, ինչը  նշանակում է, որ նրանից ցածր ոչ մի օղակ պետական ապարատում չի աշխատում։ Այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ մեկնաբանելով մաքսայինի աշխատակիցների ազատման հրամանին։ 

«Ցածր օղակների աշխատողներին աշխատանքից հեռացնելը բնավ հարցի լուծում չէ։ Այստեղ խնդիրների համար պետք է լինեն պատասխանատուներ և  նրանք պատասխան տան, եթե որևէ բան այն չի արվել։ Որովհետև չի կարող վարչապետն ամեն ստորաբաժանում, գյուղ ու քաղաք գնալ ստուգումների։ Եթե վարչապետը սկսել է զբաղվել առօրյա խնդիրներով, նշանակում է նրանից ցածր ոչ մի օղակ պետական ապարատում չի աշխատում, որովհետև չի կարող մեկ մարդ զբաղվել բոլորի գործով»,- ասել է Գորգիսյանը։

Պատգամավորը վստահ է, որ մի օր քաղաքացիների հավատը դեպի Փաշինյան վերջանալու է և վերջանալու է հենց թիմի ջանքերով, իսկ խնդիր լուծումը տեսնում է ներքին օղակներում կադրային բացթողումների շտկումների միջոցով։

ԼՀԿ պատգամավորը 24TV-ի հետ զրույցում  մանրամասնել է իրենց խմբակցության կողմից ներկայացված  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխության այլընտրանքային տարբերակը, դրա արդյունավետությունն ու իրենց մոտեցումները։