ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Ապրիլի 14-ին Ախալքալաք կատարած այցի շրջանակում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Այդ մասին հայտնում է news.ge-ն։
Այցը նախապես ծրագրված չի եղել, նախագահը որոշել է այցելել եկեղեցի, երբ իմացել է, որ Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը:
Վրաստանի նախագահը Ախալքալաքի մշակույթի տնից դուրս գալիս տեսել է գլխին ծաղկեպսակ դրած մի աղջկա, հարցրել ծաղկեպսակի նշանակությունը և պարզել, որ հայ առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը։ Վրաստանի նախագահը ոտքով քայլել է դեպի Սուրբ Խաչ եկեղեցի և մոմ վառել։
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը բարձր է գնահատել նախագահի չնախատեսված այցը:
«Սա շատ կարևոր քայլ է նախագահի կողմից, Դուք մեզ հարգել եք Ձեր այցով, սա մեծ կարևորություն ունի հայ-վրացական եղբայրական հարաբերություններում», – ասել է Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: