Ծատինյանի մահվան պատճառը թունավորումն է ամֆետամինով․ ոստիկանության պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ոստիկանություն

Դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Մկրտչյանի գրառման առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է:

Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ մահվան պատճառը եղել է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա:

Նախնական տվյալների համաձայն՝ մի քրեական գործի շրջանակում, սպանության կասկածանքով, Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցից ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված Էդգար Ծատինյանը, որի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է:

Ապրիլի 14-ին ոստիկանություն հաղորդում է տվել Էդգար Ծատինյանի հարազատը՝ հայտնելով, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել:

Հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է՝ սուտ մատնության հատկանիշների առկայությունը:

Միաժամանակ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար»:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Մկրտչյանն օրերս գրառում էր արել՝ նշելով, որ նախկինում դատապարտված իր եղբորը ոստիկանները բերման են ենթարկել, բռնության ենթարկել, ստիպել սուտ ցուցմունք տալ՝ սպառնալով, թե թմրանյութով տոպրակ կգցեն գրպանը:

Գրառման համաձայն՝ Էդգար Ծատինյանը անճարությունից կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որից հետո վատացել է, ու նրան տեղափոխել են հիվանդանոց:  Հիվանդանոցում Ծատինյանին պատշաճ օգնություն չի ցուցաբերվել, որի հետևանքով վերջինս մահացել է: