Թրա՛մփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը․ ամերիկահայերը մոմավառություն են արել Սպիտակ տան առջև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

 

«Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ Միացյալ Նահանգների նախագահին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջով Սպիտակ տան առջև մոմավառություն է տեղի ունեցել։

Պահանջ, որն ըստ հավաքվածների անհրաժեշտ է պատմական արդարության վերականգնման եւ ապագայում նման ողբերգության կանխման համար: Այս անգամ մոմավառության մասնակիցները որոշեցին նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում ունեին ցեղասպանությունից տուժած հայ ժողովրդին օգնելու գործում։

«Ալաբամա, Կալիֆոռնիա, Միսիսիպի, Նյու Յորք եւ Վիրրջինիա, մենք ընդմիշտ շնորհակալ կլինենք այն բոլոր զոհաբերությունների համար, որ դուք արեցիք այս անմեղ մարդկանց փրկելու համար», - ասել է Նանար Կեուրկունյանը:

Սնունդ, հագուստ և դեղորայք․ Միացյալ Նահանգների քաղաքացիները 1916-1930 թվականներին Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կազմակերպության շրջանակում Հայոց ցեղասպանությունից տուժած հայերին շուրջ 2,6 միլիարդ դոլարի համարժեք օգնություն տրամադրեցին՝ գումար, որը գրեթե հավասար է այսօրվա ՀՀ պետական բյուջեին:

Միայն Ֆրեզնոն 30 տոննա չամիչ տրամադրեց, Սան Ֆրանցիսկոյում հավաքվել էր շուրջ 2000 տոննա հագուստ, Կալիֆոռնիայի Լոնգ Բիչի դպրոցների աղջիկները հավաքել էին 3000 խտացրած կաթ, Վիրջինիայից 2000 կամավոր էր գրանցվել, իսկ Միսիսիպին տրամադրել էր 2000 տոննա եգիպտացորեն եւ 200 տոննա ալյուր: Օգնություն, որի շնորհիվ փրկվեցին անթիվ մարդկային կյանքեր: Իսկ այսօր նաեւ այդ օգնության շնորհիվ փրկված հայերի ժառանգները Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Սպիտակ տան առջեւ հավաքվել էին կրկին անգամ բարձրացնելու պատմական արդարության իրենց պահանջը:

«Պարո՛ն Թրամփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը բայց և այնպես, իմացիր, որ եթե դարձյալ ուրանաս, ես՝ որպես նոր ամերիկահայ սերնդի անդամ, կվստահեցնեմ քեզ, որ իմ սերունդը այս կառավարությանը տիրանալով, պիտի փաստի, որ հայկական պատմությունը արմատախլության պատմություն չէ, այլ վերածնունդի պատմություն», - իր ելույթում հայտարարեց Նարեկ Կույումջանը: