Վարչապետը՝ բարեգործության՝ «կուստառնի» տրամաբանության մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ագրարային համալսարանում ծանոթացել է նոր լաբորատորիայի հնարավորություններին:

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացնելով վերազինումները, նշեց, որ բարերարների միջոցով է վերազինվում համալսարանը: «Աշխատանքները մշտապես տարվում են բարերարների հետ, քանի որ մեր բոլոր ենթակառուցվածքները վերազինելու համար մեծ գումարներ են պետք»,- ասաց ռեկտորը:

Արձագանքելով ռոկտորին՝ վարչապետը հայտարարեց, որ բարերարների ներգրավվածությունը լավ է, բայց գործունեությունը պետք է լինի պետական տրամաբանության շրջանակում, ապա հետաքրքվեց՝ կա՞ հաշվարկ, թե ամբողջական ծավալով վերազինման դեպքում որքան գումար կծախսվի։

Ի պատասխան՝ ռեկտորը նշեց, որ միայն ճարտարագիտական լաբորատորիաները վերազինելու համար անհրաժեշտ է 300 մլն դրամ, գրեթե այդքան գումար էլ հարկավոր է անասնաբուժական լաբորատորիաները վերազինելու համար: 

«Իսկ մենք համոզվա՞ծ ենք, որ չենք կարող մեր բյուջեի միջոցներից ունենալ ռազմավարության նախագիծ, և դա իրականացնենք, իհարկե, ով կցանկանա օգնել՝ շատ լավ: Որովհետև տպավորություն է՝ մենք ինչ ուզում ենք, գնում, բարերարներին ասում ենք՝ մի բան տվեք»,- ասաց վարչապետը և հավելեց, որ համոզված չէ, թե դա ճիշտ մոտեցում է:

«Վա՜յ, մեր Գյուղակադեմիայում ուզում ենք մի հատ լսարան ունենալ, բա ի՞նչ անենք, գնանք բարերար գտնենք: Բա ինչի՞ համար է կառավարությունը, բյուջեն: Ես չեմ ասում՝ բարերարների ներգրավվածությունը վատ է, բայց ոնց որ մեր գործունեությունը պետական տրամադրության մեջ չէ: Մեր երկրում մոտեցում կա՝ ոստիկանությանն այսինչ բանը պետք է, այսինչը նվիրում է, մյուսն ուզում է բանակին էս ինչը նվիրի, ԱԱԾ-ին էն ինչը նվիրի: Իսկ մենք հազմովա՞ծ ենք, որ չունենք այդքան միջոցներ, ունենանք ռազմավարություն, հաշվարկենք, ու կատարենք: Իսկ ինչո՞ւ պետք է դա հատվածական արվի»,- ասաց վարչապետը։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս