Սերժ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ նրան չենք ձերբակալել․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ  անդրադարձել է «ՍուտՆիկոլ» ակցիային, որի նախաձեռնողները վարչապետին մեղադրում են իր խոստումները չկատարելու համար:

Փաշինյանը նախ հետաքրքրվել է՝ իր ո՞ր խոստման մասին է խոսքը, ու երբ հիշեցրել են, որ, օրինակ, Սաշիկ Սարգսյանի՝ 50 տոկոս փայ մտնելու մասին որևէ բացահայտում չկա, վարչապետն ասել է. «Բայց, կներեք, ավարտվե՞լ է ինչ-որ բան: Հիմա մենք ինչ-որ վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ գրվել է «ֆիլմի վերջը», և էկրանը մգացե՞լ է: Ասում են՝ չի բացահայտվում, ի՞նչը չի բացահայտվում»:

Անդրադառնալով «սուտՆիկոլ» ակցիային՝ վարչապետը նկատել է, որ, կարծում է, այդ ակցիայի կողմնակիցները նաև Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են:

«Հիմա, օրինակ, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցներ մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ էս չենք արել, էն չենք արել: Ես խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա։ Նրանք, որոնք ՀՀ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթակա արարք են թույլ տվել, հիմա ի՞նչ, ցանցերը բռնած փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք: Էդպիսի նպատակ մեր առջև դրված չէ:

Եկեք մի էսպիսի էքսպերիմենտ անենք, վերցնենք հեղափոխության ընթացքում իմ տված բոլոր խոստումները, կետ-կետ գույքագրենք: Որովհետև շատ տեսական խոսակցություն է․ խոստումները չի կատարել, ո՞ր խոստումները չի կատարել»,-ասել է Փաշինյանը: