Կռիվ չենք տալու, չենք ճանկռելու, իշխանություն պահելու, ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Կառավարությունն այսօր ոչ մեկից ոչ մի բան վերցնելու կարիք չունի, լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  «Արարատցեմենտ»-ի աշխատակիցների բողոքի ակցիայի մասին հարցին։

«Կառավարությունն այսօր զարտուղի քաղաքական աջակցությունների կարիք չունի, որովհետև կառավարությունը գործում է  ժողովրդից ստացած մանդատով  ու գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ ունի այդ մանդատը»,- ասաց վարչապետը և հավելեց, որ  մանիպուլյացիաներով իրենք իշխանություն չեն պահելու։

Ինչ վերաբերում է «Արարատցեմենտի» շուրջ ստեղծված աղմուկին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե դա գործատուի ու աշխատողների խնդիրն է։

Դիտարկմանը, թե ԵԿՄ-ն նորից քաղաքականացվել է Սասուն Միքայելյանի նշանակմամբ, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «բացառվում է նման բան»։

«Առաջին խնդիրը, որ ես առաջ եմ քաշել, հետևյալն է․ ԵԿՄ-ն քաղաքական գործընթացների մեջ ընդհանրապես չպետք է ներքաշվի , որովհետև ԵԿՄ-ն սկսել է պրոբլեմ ունենալ այն պահից, երբ որ իշխանությունը՝ լեգիտիմության պակասի բերումով, փորձել է այդ կառույցն օգտագործի իր իշխանությունը պահելու, երկարացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց, որ կռիվ չեն տալու, չեն ճանկռելու իշխանություն պահելու, ծռելու, կեղծելու հարց չեն լուծելու։

Հարցին՝ ինքն իրեն տեսնո՞ւմ է ՔՊ-ի վարչության նախագահի պաշտոնում, վարչապետն բացառեց․ «Սովորաբար ասում են՝ «երբեք մի ասա երբեք», բայց, եթե նկատել եք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման առաջին օրից ես ոչ մի անգամ վարչության նախագահի թեկնածու չեմ եղել  ու հույս ունեմ, որ չեմ էլ լինի»։