Կարող է՝ քավոր էլ կանգնի, հետո ի՞նչ․ Մարուքյանը՝ խորհրդարանական վերահսկողության ձևի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Մարուքյան

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ՝ ճեպազրույցի ժամանակ, Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով կառավարության կառուցվածքին, ասել է՝ ամոթ է, եթե պետք է մեկ տարի սպասեին և նման թույլ հիմնավորված նախագիծ ունենային: 

«Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, սակայն այս կառուցվածքում այդպես էլ խոստումը չի իրացվել», - ասել է Մարուքյանը՝ հիշեցնելով, որ իրենց խմբակցության բոլոր առաջարկները մերժվել են հանձնաժողովի նիստում, իսկ հարակից զեկուցողը չի կարողացել պատասխանել իրենց հարցերին։

Հարցին՝ առաջիկա հարցուպատասխանին կհարցնի՞ վարչապետին, թե խոստումն ինչո՞ւ չի կատարել, Մարուքյանը պատասխանեց․ «Այդ խոստման չկատարման պատասխանատուն միայն  վարչապետը չէ, այլ այն 88 հոգին, որ այստեղ նստած են: Նրանք էլ են դրա պատասխանատուն: Ըստ էության, պարզվեց, որ մարդիկ ասում են՝ չգիտենք, հարցրեք մեր ղեկավարին։ Եթե դուք չգիտեք, պետք է հարցնենք ձեր ղեկավարին, բա դուք ինչի՞ համար եք ընտրվել, հենա մենք մի մարդու հետ գործ կունենայինք ու ձեզ կմոռանայինք, ինչի՞ մասին է խոսքը»,-ասել է Մարուքյանը և իրավիճակը համեմատել ՀՀԿ-ի հետ, երբ ում ինչ հարցնում էին, Սերժ Սարգսյանի նկարն էին ցույց տալիս։

Դիտարկմանը, թե մի առիթով վարչապետը մտավախություն էր հայտնել, որ եթե ուժային կառույցները նախարարություն դառնան, վարչապետին չեն ենթարկվելու, Մարուքյանը պատասխանեց․ «Իսկ ո՞վ է ասել, որ մենք առաջարկել ենք, որ իրենց չենթարկվեն, ո՞վ է նման բան ասել: Մենք ասում ենք՝ պետք է վերադառնան կառավարության կառուցվածք, որ լինեն խորհրդարանի վերահսկողության ներքո: Այնպես չէ, որ Զեյնալյանը ենթարկվում է Արարատ Միրզոյանին կամ Լիլիթ Մակունցին կամ էլ ինձ: Ցանկացած ղեկավար ենթարկվում է գործադիր ղեկավարին, դա ի՞նչ ասելու բան ա»։

Դիտարկմանը, թե ցանկացած պահի պատգամավորներն այդ կառույցների ղեկավարներին հարցեր տալու հնարավորություն ունեն, Մարուքյանը նշել է, թե սուտ են ասում:

«Հարցեր տալու իրավունքը ամրագրված է սահմանադրության մեջ, ըստ որի՝ նիստերի երրորդ օրը տեղի է ունենում կառավարության հետ հարցուպատասխան, իսկ  դրան մասնակցում են կառավարության անդամները: Նշված մարմինների ղեկավարները կառավարության անդամներ չեն։ Ինչ վերաբերում է այլ հարթակներում հարցեր տալուն, դա խորհրդարանական վերահսկողություն չէ։ Մենք կարող է հյուր էլ գնանք ոստիկանապետի տուն ու իրիկունը թեյ էլ խմենք, հետո զրուցենք հարցերի  շուրջ, դա խորհրդարանական վերահսկողություն չի կարելի համարել: Կարող է՝ քավոր էլ կանգնի, հետո ի՞նչ», - ասել է Մարուքյանը։