Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 15, 24News

Григорян Манвел

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննության դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի մարտի 19-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Ըստ նրա՝ միջնորդությունը, հավանաբար, կմերժվի և դա պայմանավորված է կոնկրետ դատավորի տրամադրվածությամբ, վերաբերմունքով, ինչը վերջինս ակնհայտորեն չի էլ թաքցնում:

«Որևէ նոր բան չի կարող տեղի ունենալ: Եթե լինի էլ այդպիսի բան, ապա դա պայմանավորված չի լինելու դատարանի անկախությամբ, արդար դատական ակտ կայացնելու անհրաժեշտությամբ: Կոնկրետ այս դատավորի դեպքում համոզվել ենք, որ եթե ինքը բարենպաստ միջանկյալ դատական ակտ էլ կայացնի, դա կարող է պայմանավորված լինել ամեն ինչով, բացի արդարադատության շահերից»,-իր կարծիքը հայտնեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ապա Արսեն Մկրտչյանն ասաց, որ գեներալը կալանավորվելու պահին չի ունեցել ներկայիս խնդիրները: «Այսինքն նրա առողջական վիճակի վատթարանալու պատճառը կոնկրետ այս դատավորի տված կալանքն է»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ դատավորի գործողությունները պայմանավորված են կամ ստացած հրահանգով, կամ սուբյեկտիվ վերաբերմունքով:

Նա նշեց, որ եթե նույնիսկ գրավի միջնորդությունը բավարարի, ապա իր կարծիքը չի փոխելու:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ: Գրիգորյանը կալանավորվել է 2018 թվականի հունիսին: