Բաբկեն Տեր Գրիգորյանը պարգևատրել է «Սինոփսիս»-ի գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

.

ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ապրիլի 15-ին ընդունել է «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, ԱՄՆ «Սինոփսիս»  ընկերության  գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով.

«Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ ներկայացրեց սփյուռքի նախարարության վերակազմավորման ընթացքը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտի ստեղծումը, հանձնակատարի գրասենյակի ուղղությունները, նշեց, որ այն, լինելով ավելի բարձր մակարդակում՝ վարչապետի աշխատակազմում, ծրագրեր չի իրականացնելու, ավելի շատ ունենալու է կոորդինացնող գործառույթ, ամրապնդելու է համայնքների հետ կապը, մշակելու է միասնական քաղաքականություն:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց սփյուռքը որպես համաշխարհային ցանց դիտարկելու հնարավորությունը, կազմակերպությունների և կառույցների կողքին անհատների ներգրավումը: Այս առումով Բաբկեն Տեր Գրիգորյանը կարևորեց ՀԲԸՄ-ի արդյունավետ փորձն ու աշխատանքը, ՀԲԸՄ-ի Հայկական Համացանցային համալսարանի գործունեությունը: Երվանդ Զորյանը հանդիսանում է նաև այդ համալսարանի հիմնադիր նախագահը:

Հանդիպման ավարտին սփյուռքի նախարարի պաշտոնակատարը Հայաստան-սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Հայաստանի և  սփյուռքի, ինչպես նաև սփյուռքի տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ազգային հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար Երվանդ Զորյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի խորացնել համագործակցությունը և հանդես գալ նոր համատեղ նախաձեռնություններով»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս