Էջմիածնում կատարված սպանության կասկածյալները ձերբակալվել են. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 15, 24News

.

Ապրիլի 13-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էջմիածնի Մաշտոցի փողոցի 10-րդ շենքի բնակիչներից մեկը հեռախոսազանգերին չի արձագանքում, նրա բնակարանը տակնուվրա է արված, ավտոտնակի դռները բաց են, մեքենան էլ ներսում չէ։ 
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդմանն արագ արձագանքած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 81-ամյա Գագիկ Բաղդասարյանի դին։ Տղամարդու բերանը, աչքերը, ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապկպված էր։ Դիակի արտաքին զննությամբ՝ գլխին վնասվածքներ են հայտնաբերվել։

Բաղդասարյանին սպանել էին։ Ամբողջ բնակարանը տակնուվրա էր արված։ Շուտով հայտնի է դարձել, որ տակնուվրա է արված նաև սպանվածի խանութը, որը բնակարանի ներքևի հարկում է։ Փորձաքրեագետները մանրակրկիտ մշակել են բնակարանը, խանութն ու ավտոտնակը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից ձևավորվել են օպերատիվ խմբեր, որոնց տրվել են կոնկրետ հանձնարարականներ։

Օպերատիվ ճշտվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց շրջանակը։ Նրանք վերցվել են ոստիկանության ծառայողների օպերատիվ տեսադաշտ, ճշտվել յուրաքանչյուրի այլուրեքությունը դեպքին նախորդած և հաջորդած ժամերին։ Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում ոստիկանները պարզել եմ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ոչ միայն ինքնությունը, այլև նրանց շարժը։

Դեպքից ժամեր անց Դիլիջանի ոլորաններում հայտնաբերվել է սպանվածի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան՝ վթարված վիճակում։ Մեքենայի համարանիշերը փոխված էին։ Նույն օրը հայտնաբերվել ու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել Էջմիածնի բնակիչ, 29-ամյա Մարիետտա Խաչատրյանը։ Իրավապահները կարճ ժամանակում պարզել են նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող մյուս անձի ինքնությունը։ Նրա վերաբերյալ կողմնորոշումներ են ուղարկվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին։ Արդյունքում՝ ապրիլի 15-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Տավուշի մարզում հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել Արարատի մարզի Արարատ գյուղում ապրող 48-ամյա Ղազար Մնացականյանին։ Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։