Ամերիկացի պաշտոնյա. «Թուրքիան ի զորու չի լինի դիմանալ պատժամիջոցներին»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 15, 24News

.

ԱՄՆ-ի պետքարտուղարության աշխատակից, աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ Ջոն Սիթիլիդեսը զգուշացրել է, որ եթե ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը մատակարարվեն թուրքական կողմին, ապա ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի։  Ըստ նրա՝ ԱՄՆ-ն կարող է չեղարկել ամերիկյան F-35 կործանիչների պահեստամասերի արտադրությունը Թուրքիայում։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը:

Ինչպես հայտնի է, ամերիկյան կողմը բազմիցս զգուշացրել է, որ եթե Թուրքիան ստանա ռուսական համակարգերը, ապա այդ դեպքում Թուրքիան չի ստանա թուրք-ամերիկյան պայմանագրով նախատեսված ամերիկյան նոր սերնդի «F-35» կործանիչները։

«Ասեմ, որ ամերիկյան ղեկավարությունը շատ լուրջ է տրամադրված Թուրքիայի հետ F-35-ների պայմանագիրը չեղարկելու հարցում։  Իհարկե, Արիզոնա նահանգի բազային 3 միավոր F-35 է ուղարկվել։ Թուրք  օդաչուներն այնտեղ շարունակում են վերապատրաստվել, սակայն այդ ինքնաթիռները Թուրքիային չեն հանձնվելու։ Եթե իրականացվի S-400-ների պայմանագիրը, ապա չեմ կարծում, որ ԱՄՆ-ն այդ ինքնաթիռները կհանձնի Անկարային»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Անդրադառնալով այն հնարավոր տնտեսական պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ն կարող կիրառել Թուրքիայի դեմ, Սիթիլիդեսն ասել է.

«Թրամփը շատ հստակ խոսեց տնտեսական առումով  Թուրքիային պատժելու հարցում։ Թուրքիան ի զորու չի լինի դիմանալ նման պատժամիջոցների»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս