Էս ի՞նչ բան է, եթե մենք պոպուլիստ ենք, դուք էլ դեմագոգ եք․ ԲՀԿ-ականը՝ «Իմ քայլ»-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Վատ է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ներգրավված են մարդիկ, որոնք շատ ժամանակ չեն պատկերացնում խնդրի էությունը, դեմ են քվեարկում ներկայացված օրինագծին, Ազգային ժողովի լիագումար նիստում բոլորովին ուրիշ տպավորությամբ է նախագիծը մուտք գործում, դրա համար էլ նախագիծը բացասական ավարտ է ունենում։ Այս մասին Ազգային ժողովում ելույթի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Պետք է իսկապես վեր կանգնել էմոցիաներից։ Մենք ներկայացրել ենք շատ հստակ նախագծեր։ Այդ նախագծերը ոչ թե մեր գիշերային երազների ցերեկային շարադրանքն է, այլ մենք մարդկանց հետ խոսում ենք, քննարկում ենք, խնդիրներն ուսումնասիրում ենք, ամեն օր ժողովրդի հետ հանդիպում ենք։ Շատ հետաքրքիր է՝ դեմ քվեարկողները ժողովրդի հետ ամեն օր հանդիպում են, կամ ի՞նչ է նշանակում պոպուլիզմ, տպավորություն է, որ նախագծին չեք ուզում կողմ քվեարկեք, ասում եք պոպուլիզմ, ափսոս Կարապետյանը գնաց, ժպտալով դեմ է քվեարկում այս նախագծին, ինքը զինվոր որդի ունի՞»,-ասաց Պետրոսյանը:

Դահլիճից արձագանքին ի պատասխան, պատգամավորն ասաց. «Ձեզ ոչ ոք չհարցրեց, թե ով է ժպտացել, ես տեսել եմ։ Եթե մենք պոպուլիստ ենք, դուք էլ դեմագոգ եք։ Մթնոլորտը մի փչացրեք ձեր չիմացությամբ եւ խնդրում եմ ուշադիր լսեք, եղավ»։

Նա հորդորեց խմբակցություններին հանձնաժողովներում հոգ տանել անդամների մասնագիտական պատրաստության մասին. «Վատ է, որ հանձնաժողովներում ներգրավված են մարդիկ, որոնք շատ ժամանակ չեն պատկերացնում խնդրի էությունը, դեմ են քվեարկում, Ազգային ժողովի լիագումար նիստում բոլորովին ուրիշ տպավորությամբ է նախագիծը մուտք գործում, դրա համար էլ նախագիծը բացասական ավարտ է ունենում։ Խնդրում եմ հանձնաժողովներում հոգ տանեք  ձեր անդամների մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու ուղղությամբ, որ հասկանան ինչ է քննարկվում, Ազգային ժողովում եւ հասարակությանը մոլորության մեջ չդնեն»։

Նշենք, որ քննրակվում էր ԲՀԿ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որը նախատեսում է ժամկետային զինծառայության առաջին տարվա ընթացքում զինվորը չծառայի առաջնագծում: Կառավարությունը այս նախագծին բացասական եզրակացություն էր տվել: