Այս զորակոչին բանակում կստեղծվի սպորտային վաշտ. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Տոնոյան

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հետաքրքրվել է բանակի մարզական ակումբի՝ ԲԿՄԱ-ի վերաբացման մասին:

«Դրանով մենք կարող ենք իրականում և որոշակիորեն կանխել արտագաղթը և նպաստել ներգաղթին: Կան ընտանիքներ, որտեղ կան տաղանդավոր պատանի մարզիկներ և չտեսնելով, թե ինչպես կարող են իրենց երեխաները շարունակել հաջողություններ գրանցել սպորտում, ուղղակի լքում են երկիրը և այլ երկրների դրոշների տակ են հանդես գալիս։ Կա հակառակը՝ դրսում հաջողություն գրանցած մարզիկները չեն վերադառնում Հայաստան, որովհետև ստիպված են լինելու ծառայել սովորական վաշտում: Ես չեմ առաջարկում, որ մարզիկներն առհասարակ չծառայեն, առաջարկում եմ ծառայեն հատուկ՝ սպորտային վաշտում»,- նշել է պատգամավորը, ապա հարցրել՝ նախարարի կարծիքը կրթական և մշակութային վաշտ ունենալու մասին: Ի պատասխան՝  նախարարը նշել է, որ մարզական վաշտի վերականգնումն անհրաժեշտություն է:

«Ուզում եմ հիշեցնել, որ սպորտային որոշ հաջողությունների հասած մարզիկներն արդեն իսկ ազատվում են ծառայությունից՝ տարկետման իրավունք ստանալու միջոցով»,- ասել է Տոնոյանը և հավելել, որ խոսքը վերաբերում է նրան, որ մարզիկների համար 18-27 տարեկանը ոսկյա տարիքն է և իրենք իրենց ամենամեծ հաջողությունների են հասնում այդ տարիքում:

«Ցանկանում ենք չափանիշը մի քիչ ավելի ցածրացնել մարզային վաշտի միջոցով, այդ ամեն ինչը կարգավորել սպորտային վաշտի միջոցով, ինչն արվելու է իմ հրամանով, ուղղակի կարգը սահմանվելու է նորմատիվ հրամանով, որը որ այս պահին մշակվում է, և ես համոզված եմ, որ այս զորակոչին մենք այդ հնարավորությունն ունենալու ենք»,- ասել է Տոնոյանը՝ նշելով, որ ունենք համապատասխան չափանիշներով զորակոչվող արդի տեխնոլոգիաների վաշտ, որտեղ որ ՏՏ չափորոշիչներին համապատասխանող երիտասարդները զորակոչվում են:

«Մեր լեզվով ասած՝ այդ վաշտը կոչվում է «կիբեր վաշտ», ունենք նաև տեխնոլոգիական գիտական վաշտ, որտեղ որ ճարտարագիտական գիտելիքներ ունեցող երիտասարդները զորակոչվում են այդ վաշտ, ունենք նվագախումբ, ունենք մշակութային մեր ստորաբաժանումները, որտեղ ևս համապատասխան չափանիշներով երիտասարդները զորակոչվում են: Էլ ավելի անելը ես չեմ կարծում, որ անհրաժեշտ է: Պայմաններն ստեղծված են, չկան միայն պայմաններ մարզիկների համար, դրանք էլ ստեղծվելու են»,- ասել է Տոնոյանը։

Ջուլֆալակայնն էլ ասաց, որ տարկետման դեպքում միևնույնն է, խնդիրը դեռ մնում է: Օրինակ՝ 27 տարեկանում աշխարհի չեմպիոն մարզիկը չի կարողանում մեկ կամ երկու տարի բարձր տիտղոս նվաճել և ստիպված է լինում 27-28 տարեկան հասակում գնալ–ծառայել սովորական վաշտում, առաջարկս դա էր, որ լինի սպորտային վաշտ և նա ծառայի այդ վաշտում»,- նկատել է պատգամավորը: Տոնոյանը կատակել է․ 

«Այսինքն՝ տարկետման իրավունքը վերացնում ենք, իրենց ուղղակի բոլորին զորակոչում ենք, համապատասխան մարտական պատրաստվածություն ենք անցկացնում, իրենք արդեն մարզիկներ են․․,

Այդ ակումբը մեզ հնարավորություն կտա մարզական վաշտից գործուղել մրցումներին մասնակցելու համար, արդեն ՊՆ հովանու ներքո գործող ակումբի անունից»,- ասել է նախարարը: