Փաշինյանի խորհրդականի ՀԿ-ն պետությունից խոշոր դրամաշնորհներ է ստանում․ «Հրապարակ»

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

դ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2023 թվականի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանն իրեն խորհրդական նշանակեց Սուրեն Մաղաքյանին, չնայած այն հանգամանքին, որ Մաղաքյանին պատկանող հասարակական կազմակերպությունը պետությունից խոշոր դրամաշնորհներ է ստանում։ Խոսքը «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության մասին է, որի նախագահը Սուրեն Մաղաքյանն է։

Այս ՀԿ-ին առաջին անգամ պետության կողմից դրամաշնորհ է տրամադրվել 2022-ի հունվարի 21-ին։ 12 մլն 272 հազար դրամ արժողությամբ դրամաշնորհը տրվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագրի իրականացման համար: Ծառայություն է մատուցվել հաշմանդամություն ունեցող 25 անձի, նրանց հետ թրեյնինգներ են անցկացվել, տարբեր ոլորտների խորհրդատվություն եւ այլն։ Նույն ծրագրի համար նույն օրը նույն ՀԿ-ին եւս մեկ դրամաշնորհ է հատկացվում սոցապնախարարության կողմից, այս անգամ՝ 14 մլն 744 հազար դրամ արժողությամբ։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հաջորդ դրամաշնորհը ՀԿ-ին տրամադրվել է 2022 թվականի փետրվարի 2-ին, գումարը կազմել է 7 մլն 430 հազար դրամ, որը տրվել է «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ- հոգեբանական վերականգնում» ծրագրի իրականացման համար։ 2022 թվականի փետրվարի 8-ին ՀԿ-ին եւս մեկ դրամաշնորհ է հատկացվել՝ շուրջ 6 մլն դրամի չափով։ Այս ծրագիրն էլ կոչվել է «Ընտանիքներին՝ կանանց եւ երեխաներին աջակցություն»։ Ծրագրի անվանումը նույնքան կասկածելի է, որքան այն նպատակները, որոնց համար հատկացվել է 6 մլն դրամը։ Մասնավորապես, թե ինչու է ՀԿ-ն «ընտանիք» բառի ներքո հասկացել միայն կանանց ու երեխաներին։ Ծրագրի շրջանակներում ՀԿ-ն իրականացրել է կարիքների գնահատումներ եւ «սոցիալ-հոգեբանական» աջակցություն։ 2022 թվականին պետության կողմից այս ՀԿ-ին տրված դրամաշնորհների ընդհանուր գինը կազմել է 40 մլն 140 հազար դրամ։

2023 թվականին, երբ Սուրեն Մաղաքյանն արդեն վարչապետի խորհրդական էր նշանակվել, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 6 դրամաշնոհ է հատկացրել այս նույն հասարակական կազմակերպությանը, ընդ որում՝ առավել մեծ չափերի։ Մաղաքյանի նշանակումից 1 շաբաթ անց՝ 2023 թվականի հունվարի 26-ին, ՀԿ-ին տրամադրվել է միանգամից 4 դրամաշնորհ, որոնցից 2 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 14 մլն 672 հազար դրամի, եւ եւս մեկ դրամաշնորհ` 12 մլն 188 հազար դրամի, տրամադրվել է նույն՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ- վերականգնողական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագրի շրջանակներում, մյուս դրամաշնորհը՝ 7 մլն 430 հազար դրամ արժողությամբ, «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագրի իրականացման համար, որի շրջանակներում 18 անձի պետք է մատուցվեին «սոցիալ-հոգեբանական վերականգնման» ծառայություններ։

2023 թվականի փետրվարի 1-ին Մաղաքյանի ՀԿ-ն հերթական դրամաշնորհն է ստացել արդեն ավելի մեծ՝ 21 մլն 560 հազար դրամ արժողությամբ, «Ընտանիքներին՝ կանանց եւ երեխաներին աջակցություն» ծրագրի համար։ 2023-ին այս ՀԿ-ին գումար է հատկացրել նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ 9 մլն 680 հազար դրամի չափով։ Այս գումարով էլ ՀԿ-ն դասընթաց է կազմակերպել, ենթադրամաշնորհի մրցույթ կազմակերպել եւ 10 լավագույն մասնակցից յուրաքանչյուրին տվել 200 հազար դրամ ենթադրամաշնորհ։ 2023 թվականին արդեն վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Սուրեն Մաղաքյանին պետության կողմից տարբեր դրամաշնորհներով տրվել է ընդհանուր հաշվով 80 մլն 202 հազար դրամ։

Թեեւ 2024-ը դեռ նոր է մեկնարկել, սակայն Սուրեն Մաղաքյանի ՀԿ-ն արդեն ունի 2 դրամաշնորհ՝ ԿԳՄՍ եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների կողմից տրամադրված։ Առաջինը՝ 2 մլն 176 հազար դրամ արժողությամբ, տրվել է փետրվարի 7-ին։ Այս դրամաշնորհի շրջանակներում ՀԿ-ն պետք է «Թրաֆիքինգի ռիսկերի մասին իրազեկման» ծրագրի ներքո իրականացնի «Եթե իրազեկ ես, ուրեմն պաշտպանված ես» միջոցառումը, որն ընդամենը ենթադրում է սահիկաշարի (սլայդ), իրազեկման պաստառների պատրաստում եւ 1000 երիտասարդի մասնակցության ապահովում այդ քննարկմանը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհը 17 մլն 765 հազար դրամ է: Սա էլ «Ընտանիքներին՝ կանանց եւ երեխաներին աջակցություն» ծրագրի համար է, այսինքն՝ այս ծրագիրն արդեն դարձել է քրոնիկ եւ ամենամյա, իսկ շահողը վարչապետի խորհրդականի անվան հետ կապված ՀԿ-ն է։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ