Հայկական ԿԽ ընկերությունը ճգնաժամի մեջ է, վնաս է հասցվել մեր հեղինակությանը․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

ֆֆ

Հայկական Կարմիր խաչի ընկերության անդամները հայտարարություն են տարածել․ 

«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, երկար ու ձիգ տարիներ անդադար աշխատել է Ազգային ընկերության կարողությունների զարգացման վրա՝ ստեղծելով ինստիտուցիոնալ կարողությունների ահռելի բազա և կարող մարդկային ռեսուրս՝ ապահովելով մատուցվող ծառայությունների բարձր որակը և պետության առաջ ծառացած մարտահրավերիներին պատշաճ արձագանքը։

Հայկական Կարմիր խաչի ընկերություն ասելով մենք նկատի ունենք ՀՀ բոլոր մարզերում առկա բարելավված և հզորացած կարողություններով մարզային, տարածքային և համայնքային մասնաճյուղերը՝ աշխատակազմով, կամավորներով և անդամներով, որոնք հանդիսանում են այդ կարողության և մարդասիրական արժեքների հիմնական կրողը՝ տարածելով մարդասիրական արժեքներն ամենուրեք։ Ներկայումս ՀԿԽԸ-ն՝ ըստ մեր միջազգային գործընկերների, Եվրոպական տարածաշրջանի առաջատար Ազգային ընկերություններից մեկն է։

Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ճգնաժամի մեջ է։ Անտեսվել են Կարմիր խաչի միջազգային շարժման հիմք հանդիսացող սկզբունքները, ոտնահարվել է կազմակերպության կանոնադրությունը, որը համահունչ է Շարժման պահանջներին՝ հաշվի առնելով ՀԿԽԸ անդամակցությունը Կարմիր խաչի միջազգային շարժմանը։ Ապօրինի ղեկավարությունը զավթել է ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակը, անկարողության պատճառով խաթարել ՀԿԽԸ բնականոն գործունեությունը։ Արդյունքում տուժում են տասնյակ հազարավոր շահառուներ, լրջագույն վնաս է հասցվում կազմակերպության հեղինակությանը։

Սույնով մենք՝ ՀԿԽԸ ազգային, մարզային և համայնքային մակարդակում գործող կառույցների ղեկավարները և աշխատակազմը, կամավորներն ու անդամները, հայտնում ենք, որ մերժում ենք նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի կողմից ապօրինի նշանակված, մեր կազմակերպության հիմքերը խարխլող ղեկավարությանը՝ կարևորելով Կարմիր խաչի շարժման և ժողովրդավարության սկզբունքները, չհանդուրժելով ՀԿԽԸ 11 մարզային և համայնքային մասնաճյուղերի ընտրելու իրավունք ունեցող՝ 68-ից 59 պատվիրակների պահանջով և անդամների 1/3-ի ձայնով սեփական օրակարգով համագումար հրավիրելու կանոնադրական իրավունքի անտեսումը, համագումարի՝ որպես ՀԿԽԸ բարձրագույն մարմնի դերի նսեմացումը։ Այդ համագումարը փետրվարի 15-ին՝ ՀԿԽԸ կանոնադրության և ՀԿ-ների մասին ՀՀ օրենքի տառին համապատասխան, կատարել է իր գործառույթները՝ ընտրելով օրինական Նախագահ և Նախագահության անդամներ։

Օրինական ղեկավարության մուտքը ՀԿԽԸ այսօր ապօրինաբար արգելափակված է Կենտրոնական գրասենյակը զավթած անձանց կողմից։

Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ մեր բոլոր գործընկերներին, կանգնել Ազգային ընկերության կողքին և, իրենց իրավասությունների շրջանակներում, ժամ առաջ աջակցել կառույցի փրկությանը»։ 

 --00—ՍՊ