Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյանի հետ ՔՊ-ի փակ հանդիպումից․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News 

ֆֆ

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը նախօրեին այցելել էր Ազգային ժողով եւ շուրջ 2.5 ժամ փակ հանդիպում ունեցել ՔՊ-ական պատգամավորների հետ։ Փակ հանդիպման մասին խմբակցության պաշտոնական հաղորդագրությունը երկու տողից էր. «Հանդիպման ընթացքում քննարկվել են Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի ունեցած հանդիպումները եւ դրանց առնչվող հարցեր»: Նախադասությունը կազմողներին ասենք, որ 12-13 բառի մեջ 2 անգամ «հանդիպում» բառի կրկնությունը ցանկալի չէ` բովանդակալից տեքստ չեն գրում, գոնե կարող են ավելի գրագետ ու ակնահաճո շարադրել իրենց ասելիքը:

Դառնանք բովանդակությանը․ մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե մոտ երեք ժամ ինչ են խոսել Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները։ Նախ հիշեցնենք, որ Փաշինյանն անցած շաբաթ` փետրվարի 16-18-ին, մասնակցել էր Մյունխենի անվտանգության համաժողովին, որի շրջանակում, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ, տեւական դադարից հետո հանդիպեց նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Կուսակիցների հետ հանդիպման սկզբում Փաշինյանը ներկայացրել է մյունխենյան այցի իր գնահատականները՝ շեշտելով, որ դրական է համարում արեւմտյան հարթակի միջոցով Ալիեւի հետ շփման վերականգնման փաստը եւ, առհասարակ՝ աշխատանքային մյուս հանդիպումները, որոնք միտված են եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։
Պատմել է, որ Մյունխենում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ փետրվարի 28-29-ը Բեռլինում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների պատվիրակությունների հանդիպում։ Միեւնույն ժամանակ տեղեկացրել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացն էլ ավելի անորոշ փուլ է թեւակոխել, կարելի է ասել` այս առումով ունենք զրոյական իրավիճակ, քանի որ Ադրբեջանը նորանոր պահանջներ է առաջ բերում, եւ, դիցուք, եթե երեկ կար առանցքային սկզբունքների շուրջ համաձայնություն, ապա այսօր այն արդեն չկա։ Մյունխենյան հանդիպման մասին իր տպավորություններն ու գնահատականները ներկայացնելուց հետո Փաշինյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, լսել նրանց դիտարկումները: Նա շեշտել է, որ կարեւոր ընդգծում է ուզում անել. որ այժմ Արեւմուտքի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ավելի հստակ ու միանշանակ է դարձել, քան ամիսներ առաջ էր, երբ Արեւմուտքը, կարելի է ասել, լողում էր Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ եւ ադրբեջանական կողմի առջեւ հստակ պահանջներ չէր դնում։

Եվ օրինակով է փորձել հիմնավորել դա. որ հայկական կողմին կարծես հաջողվել է տեղի չտալ Ալիեւի՝ միջանցքի հետ կապված պահանջներին։ Թերեւս դրանով է պայմանավորված, որ Ալիեւը վերջին շրջանում այլեւս միջանցքի հարցը չի բարձրացնում, փոխարենը 4 գյուղ ստանալու պահանջ է դնում: Ասել է, որ մյունխենյան այցի ընթացքում` մինչ Ալիեւի հետ հանդիպումը, ինքն այդ պահանջը քննարկել է եվրոպացի գործընկերների հետ՝ ասելով, որ համաձայն է այդ պահանջին՝ պայմանով, որ մենք էլ մեր տարածքները պետք է հետ ստանանք Ադրբեջանից, իսկ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ վերջինիս տրամադրությունից հասկացել է, որ Արեւմուտքն այդ հարցը չոր է դրել Ալիեւի առջեւ։ Իսկ թե որ գյուղերն է պահանջում Ալիեւը, Փաշինյանը պարզաբանել է՝ Տավուշի կողմում։

Վարչապետի համոզմամբ՝ Արեւմուտքի շնորհիվ է նաեւ, որ Ադրբեջանը «լեգիտիմ» իրավունք չի ստանում միջանցքը ռազմական ճանապարհով վերցնելու, թեպետ Թուրքիայի ու Ռուսաստանի հետ այդ գերնպատակն է հետապնդում: Նաեւ ակնարկել է, որ Ռուսաստանը Հայաստանի հաշվին փորձում է առեւտրի մեջ մտնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եւ Հայաստանում իշխանափոխություն պլանավորելու միջոցով հասնել միջանցքին։ Կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը նաեւ նպատակ է հետապնդում միութենական պետություն ձեւավորել, որում ընդգրկված կլինեն թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը։ Խոսել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցի մասին՝ խոստովանելով, որ այդ պայմանավորվածությունը Մյունխենում է կայացել, Արեւմուտքն առաջարկել է Զելենսկու այց կազմակերպել Հայաստան, ինքը սկզբում համաձայնել է, բայց մեկ օր մտածելուց հետո պատասխանել է, որ պատրաստ ենք մեր երկրում ընդունել Զելենսկուն, եթե դա լինի տարածաշրջանային այց, այսինքն՝ նա նաեւ Ադրբեջան այցելի։

Փաշինյանն անկեղծացել է, որ մտածել եւ հաշվի է առել Ռուսաստանի պարագան, քանի որ միայն Հայաստան այցը կարող էր ծանր նստել մեր երկրի համար։ ՔՊ-ականներից ոմանք, այդուհանդերձ, զգուշորեն հակադրվել են, թե գուցե ընդհանուր շահերի համատեքստում Ադրբեջանին ներվի Զելենսկու այցը, սակայն ինչպե՞ս կանդրադառնա դա Հայաստանի վրա։ Փաշինյանն ասել է, որ այդ տրամաբանությամբ՝ պետք է մեկուսանալ աշխարհից, քանի որ որեւէ պետության հետ շփումները կարող են ընկալվել մյուսի դեմ։ Եվ հասկացրել է, որ Հայաստանն այլընտրանք չունի` պետք է շարժվի Եվրոպայի ուղղությամբ, իսկ դա, բնականաբար, մյուս ռազմավարական գործընկերները ցավոտ են ընդունելու։ Փաշինյանն այնքան վտանգավոր հայտարարություններ է արել, որ անգամ որոշ արեւմտամետ, սորոսական թեւին պատկանող պատգամավորների մոտ մտահոգություն են առաջացրել: Պատմեցին, որ Մարիա Կարապետյանն է մի երկարաշունչ եւ բավականին հիմնավոր ելույթ ունեցել, որ մենք՝ իբրեւ ազգ ու պետություն, բավականին հեռու ենք եվրոպական արժեհամակարգերից, ու մեր պետության քաղաքականությունը վարելիս պետք է այս հանգամանքը հաշվի առնել: Փաշինյանը, սակայն, անարձագանք է թողել պատգամավորի դիտարկումները՝ ասելով, որ նման կարծիքն էլ գոյության իրավունք ունի։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ