Միհրան Պողոսյանին պատկանող տարածքներում խուզարկություն է արել ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն վերահսկել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Միհրան

ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի առանձնատանն ու նախկին գրասենյակում խուզարկություն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայողները վերահսկել են գործընթացը: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:

«Միհրան Պողոսյանին առնչվող քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացվել Հատուկ քննչական ծառայության կողմից՝ նրանց վարույթում քննվող գործի շրջանաում: ԱԱԾ աշխատակիցներն ապահովում են խուզարկությունների բնականոն ընթացքը»,- ասաց Սամսոն Գալստյանը:

Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց նաև ՀԾՔ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Այլ մանրամասներ այս պահին, նախաքննության գաղտնիքից ելնելով, չեն հրապարակում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ ԱԱԾ-ն է խուզարկություն իրականացնում Միհրան Պողոսյանի առանձնատանն ու նախկին գրասենյակում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել: