Եթե պատժվեին Սումգայիթը կազմակերպողները, գուցե և չլիներ ԼՂ էթնիկ զտումը․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

1131372

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ցեղասպանության 36-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«36 տարի առաջ այս օրերին Բաքվից քիչ հեռավորության վրա գտնվող արդյունաբերական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ իր բնույթի և ծավալի մեջ նմանը չունեցող կոտորած։ 1918 թ․ Բաքվի սեպտեմբերյան կոտորածից հետո նման զանգվածային սպանդ ադրբեջանական իշխանությունների կողմից դեռևս տեղի չէր ունեցել, թեև այդ տասնամյակների ընթացքում ադրբեջանական մոլի ազգայնականությունը բոլոր կողմերից սեղմել էր հայության շուրջ օղակը՝ ձգտելով զրկել հայկականության զարգացման և կենսագործունեության ցանկացած հնարավորությունից։

1988 թ․ փետրվարի 26-ին Սումգայիթում իշխանությունների կողմից հրավիրված մեծ հանրահավաքը վերածվեց հակահայկական տրամադրությունների բորբոքման որջի, որտեղից գազազած ամբոխը «Մա՛հ հայերին» կարգախոսով տարածվեց քաղաքով մեկ միայն էթնիկ պատկանելության հիմքով հաշվեհարդար տեսնելու քաղաքում փոքրամասնություն կազմող հայության հետ։ Ջարդերը, բռնարարքները, թալանը շարունակվեցին օրեր։ Տեղական ոստիկանությունն, իհարկե, որևէ քայլ չէր իրականացնում ընթացող բարբարոսությունը կանխելու համար, երեք օր անց ժամանած խորհրդային ներքին զորքերն անգամ ի զորու չեղան անմիջապես հանդարտեցնել անպատժելիության մոլուցքով տարված ամբոխներին։ Ապացուցված է, որ ջարդարար ամբոխները նախապես ունեին հայերի բնակարանների հասցեները, տեղեկացված էին անգամ, թե բնակարանների դռները երկաթյա են, թե փայտյա։ Նախապես քաղաքի փողոցներում հավաքվել են քարերի և աղյուսների կույտեր՝ որպես մահվան գործիք օգտագործելու համար։

Սումգայիթի ողջ հայ բնակչությունը մազապուրծ տարհանվեց քաղաքից։ Զոհերի ու կորուստների վերաբերյալ պաշտոնական տվյալները չափազանց համեստ են՝ ներկայացնելու ողջ իրականությունը։

Այս իրողություններին հաջորդած դատական գործընթացները հմտորեն բեմականացված ներկայացումներ էին միայն, որոնցում տեղի ունեցածը կոծկվեց, իսկ ԽՍՀՄ փլուզմամբ այդ դատավարություններն առհասարակ կասեցվեցին։

Ադրբեջանական իշխանությունները թեև կարող էին կասեցնել անպտուղ և կողմնակալ դատավարությունները, սակայն անհնար է լռեցնել ականատեսների վկայությունները, որոնք վերածվել են հարցազրույցների, գրքերի, փորձագիտական հետազոտությունների, որոնց ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ թույլ է տալիս հստակ արձանագրել, որ Սումգայիթում տեղի է ունեցել էթնիկ և ռասայական խտրականության վրա հիմնված ցեղասպանական ակտ, որի հետևանքով քաղաքի ողջ հայ բնակչությունը կյանքի անօտարելի իրավունքի ապահովման նպատակով ստիպված է եղել հեռանալ իր բնակության նախնական վայրից։

Նշանակում է բնակչության այս խմբի համար իշխանությունների կողմից ստեղծվել են բնականոն կենսագործունեության հետ անհամատեղելի պայմաններ։

Սումգայիթը՝ որպես երևույթ և իրողություն, վերածվել է հայատյացության ցցուն վկայության։

Անպատժելիությունը, որով ոգևորվեցին թե՛ ադրբեջանական իշխանությունները, թե՛ հայատյացության ախտով վարակված անգիտակից ամբոխները, թույլ տվեց «Սումգայիթը» տեղափոխել Բաքու, Գանձակ, պատմական Գարդմանի ու Նախիջևանի ողջ տարածք, որի հետևանքով հայաբնակ այս ամբողջ արեալը, որում հայկական պատմական ներկայությունը բնավ ապացուցման կարիք չունի, հայազրկվեց և հայրենազրկվեց։ Իսկ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությունը կորցրեց իր ուրույն համայնքային կյանքը, նիստուկացը, բարբառը, սովորույթները, եկեղեցիները, մշակույթը։

Սակայն անցած երեք տասնամյակների ընթացքում Սումգայիթը շարունակեց սպառնալ հայությանը՝ ի դեմս 2020 թ․ հրահրված 44-օրյա պատերազմի, ավելի քան 100 հազար քաղաքացիական խաղաղ բնակչության 10-ամսյա շրջափակման և քաղաքակիրթ ու դիվանագիտական ցեղասպանման ծրագրի, և վերջապես՝ ի դեմս սեպտեմբերյան էթնիկ զտման։

Այս բոլոր իրողությունների ողջ պատասխանատվությունը կրում են ադրբեջանական իշխանությունները։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը իր հարգանքի տուրքն է մատուցում Սումգայիթի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, և իր զորակցությունը հայտնում այդ ոճրագործությունը վերապրածներին։ Ադրբեջանական անպատժելիությունը մեզ կրկին ստիպում է հորդորել միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ 36 տարի առաջ տեղի ունեցած ջարդերին և այն որակել ճիշտ այնպես, ինչպես որ է՝ ցեղասպանություն՝ իր բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով հանդերձ։

Լեռնային Ղարաբաղի հայության հետ տեղի ունեցած ողբերգությունը վերստին գալիս է փաստելու, որ եթե պատժվեին Սումգայիթը կազմակերպողները, գուցե և չլինեին Բաքվի, Գանձակի, Մարաղայի ջարդերը, գուցե և չլիներ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը։ Վերջին տասնամյակների իրադարձությունները շղթայաբար կապակցված են միմյանց սերտ պատճառահետևանքային կապով, և անհնար է վերացնել հետևանքները, եթե պատճառները վերացված չեն։ Իսկ պատճառը մեկն է՝ ադրբեջանական ազգայնականությունն ու հակահայկականության պետականահեն բարդույթը»,- ասված է Համահայկական միության հայտարարության մեջ:

--00—ՅՄ