ՀՀ արտաքին ճակատն ամուր պահելը շատ կարևոր է․ Մարուքյանը շնորհավորել է Դիվանագետի օրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

դդ

ԼՀԿ նախագահ, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շնորհավորել է Դիվանագետի օրը․ 

«1992 թվականի այս օրը նշանավորվեց մեր ինքնիշխանության վերածնունդով:

Հայկական եռագույնը հպարտորեն բարձրացվեց ՄԱԿ-ի այլ ինքնիշխանությունների դրոշների շարքում, և մենք դարձանք համաշխարհային հանրության ճանաչված մաս: Այս օրը մենք ստացանք մեր ինքնիշխանությունը պաշտպանելու ամենակարևոր գործիքներից մեկը ՝ դիվանագիտությունը:

Դիվանագիտությունը մեզ թույլ է տալիս ապահովել ոչ միայն քաղաքական և տնտեսական կապերի աճը, և, հետևաբար, երկրի հզորացումը, այլ նաև պետական սահմանների պաշտպանությունը, ինքնիշխանության ամրապնդումը և ժողովրդավարական փոփոխությունները: Դիվանագիտությունը մեր աշխարհն առավել կայուն և կանխատեսելի դարձնելու միջոց է:

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի և Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Յուջին Օ'Նիլի խոսքերով՝ «Դիվանագետն այն անձն է, ով պետք է քաղաքական գործիչների թմբուկի հուժկու զարկը վերածի տավիղի հնչյունների»:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների դիվանագետներին` Հայ դիվանագետի օրվա կապակցությամբ։ Այս բարդ ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության արտաքին ճակատն ամուր պահելը, պրոակտիվ դիվանագիտություն իրականացնելը շատ կարևոր է»,- գրել է Մարուքյանը։ 

--00—ՍՊ