Ադրբեջանն ու Վրաստանը ընկերություն են ստեղծում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

hh

Ադրբեջանն ու Վրաստանը մոտ ժամանակներս համատեղ ընկերություն կստեղծեն Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու շահագործման համար, BusinessMediaGeorgia լրատվականի փոխանցմամբ՝ հայտնել է «Ադրբեջանական երկաթուղու» ղեկավար Ռովշան Ռուստամովը, փոխանցում է Aliq.ge-ն։ 

Ըստ տեղեկության՝ երկաթգիծը շահագործման հանձնելուց հետո բոլոր աշխատանքները կիրականացնի այդ ընկերությունը։

«Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Իրավական փաստաթղթեր են պատրաստվել, և մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում կստեղծվի ընկերություն, որտեղ Վրաստանը և Ադրբեջանը ներկայացված կլինեն 50-50 տոկոս բաժնեմասով։ Համատեղ ձեռնարկության հիմնական խնդիրն է՝ բեռնափոխադրումների սակագների որոշում և ընդհանուր առմամբ՝ գործառնական խնդիրների լուծում»,- ասել է Ռուստամովը։

Ի դեպ, ԲԹԿ երկաթուղով նախատեսվում է բեռնափոխադրումներ սկսել։ Անցած շաբաթ Ադրբեջանում քննարկվել է երկաթուղու ընդլայնման և վերանորոգման աշխատանքների հարցը, որտեղ նշվել է, որ այս փուլում աշխատանքների 95 տոկոսն ավարտված է, և աշխատանքները ամբողջությամբ կավարտվեն առաջիկա 2 ամսում։

Ներկայումս ԲԹԿ-ի վրացական հատվածի ընդլայնման աշխատանքներն ընթացքի մեջ են, և ԲԹԿ երկաթուղու արդիականացման նախագիծը, համաձայն Վրաստանի կառավարության ծրագրի, այս տարի պետք է ավարտվի։ Սպասվում է, որ երկաթուղային գծի վրացական հատվածի արդիականացումից հետո երկաթուղով բեռնափոխադրումները կավելանան տարեկան մինչև 5 մլն տոննա։ Ներկայումս ԲԹԿ երկաթուղիներով բեռնափոխադրումների առավելագույն հզորությունը տարեկան 1 մլն տոննա է։

Ադրբեջանը ավելի քան 100 մլն դոլար է ներդրել ԲԹԿ վրացական հատվածի ընդլայնման նախագծում։ ԲԹԿ երկաթուղին շահագործման է հանձնվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է Կարս-Ախալքալաք 98 կմ երկարությամբ երկաթգիծը, որից 68 կմ-ն անցնում է Թուրքիայի տարածքով, 30 կմ-ը՝ Վրաստանի տարածքով։ Բացի այդ, ծրագրի շրջանակներում իրականացվել է Ախալքալաք-Թբիլիսի 183 կիլոմետրանոց հատվածի վերակառուցումը։ Մայրուղու վրացական հատվածի աշխատանքները ֆինանսավորել է Ադրբեջանը, որը Վրաստանին երկու արտոնյալ վարկ է տվել 775 մլն դոլարի չափով։

--00—ՍՊ