Բլինկենը կոչ է արել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ճանապարհային քարտեզ մշակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

գ

Ուկրաինան, ի վերջո, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դրա համար այժմ պետք է մշակվի հստակ ճանապարհային քարտեզ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Միացյալ Նահանգների պետքարտուղարը այցով գտնվում է Փարիզում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

«Ինչպես դաշնակիցները հայտարարեցին Վիլնյուսի գագաթնաժողովում, Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, այժմ մեզ համար խնդիրը դրա հստակ և հասկանալի ճանապարհային քարտեզ մշակելն է, և ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի 75-րդ հոբելյանական գագաթնաժողովը մեծապես կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես մենք կարող ենք ստեղծել այդ ճանապարհային քարտեզը կամ, եթե ցանկանում եք, կամուրջը, որը թույլ կտա Ուկրաինային դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ բանակցություններից հետո։

Բլինկենը չի նշել որևէ ժամկետ, որի շրջանակում հնարավոր է նման ճանապարհային քարտեզի ստեղծումը կամ Կիևի՝ դաշինքին անդամակցելու հեռանկարը։

ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել Վիլնյուսում 2023 թվականի հուլիսին, հաջորդը՝ հոբելյանականը, պետք է անցկացվի հուլիսին Վաշինգտոնում։

--00—ՍՊ