Ոսկեպարի բնակիչների հետ համատեղ ձևավորել ենք «Հայկական պետականության համար» կոորդինացնող շտաբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
 

ֆֆ

Իշխանության կողմից Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների միակողմանի հանձնման և հակապետական քաղաքականության դեմ ընդվզման սկիզբը փաստացի դրեց Ոսկեպարը, որն այլևս, ոչ միայն ընդվզման, այլ նաև Հայկական պետականության համար պայքարի կիզակետն է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:

«Հաշվի առնելով առկա համազգային խորքային ճգնաժամը, այլևս հրամայական է, որ ազգի յուրաքանչյուր շերտի ներկայացուցիչ (մշակութայինից մինչև ռազմական գործիչ՝ ներառյալ Սփյուռքը), ոչ միայն խոսքով, այլ նաև վարքով արտահայտի իր դիրքորոշումը ստեղծված բարդագույն իրավիճակում՝ կանգնելով ոսկեպարցու կողքին, միևնույն ժամանակ տեղային պայքարը դարձնելով համազգային։

Արցախի դավադիր կորստից հետո, կազմաքանդելով նաև Հայաստանի Հանրապետության անվտանգային (հոգևոր և ֆիզիկական) համակարգը, ներկայիս վարչակազմը Բաքվի միակողմանի պահանջով պատրաստվում է հանձնել նաև Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ, որով անդառնալի հարված կհասցվի ՀՀ պետականությանը:

Ոսկեպարին, Կիրանցին, Բաղանիսին, Բերքաբերին ու ՀՀ մյուս սահմանային բնակավայրերին սպառնացող վտանգը համազգային և համապետական մարտահրավեր է, որը վերաբերում է, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիներին, այնպես էլ ողջ հայությանը, քանի որ այստեղ վճռվելու է Հայոց պետականության հարցը:

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ տարբեր մասնագիտական ոլորտներ ներկայացնող մի խումբ քաղաքացիներս, մեկնել ենք ՈՍԿԵՊԱՐ, գյուղի բնակիչների կողքին կանգնելու, միասին պայքարը դարձնելու համազգային և իր հաղթական ավարտին հասցնելու նպատակով:

Վերոնշյալ նպատակներից ելնելով, ինչպես նաև միասնական ճակատ ձևավորելու և բոլոր աշխատանքները (այդ թվում միասնական տեղեկատվական կենտրոն) համակարգելու նպատակներով գյուղի բնակիչների հետ համատեղ ձևավորել ենք «Հայկական պետականության համար» կոորդինացնող շտաբը»,- գրել է նա։ 

--00—ՍՊ