Մարտի 1-ից 2-ը տուժած անձանց աջակցության նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։

Նախքան քվեարկությունը ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ կողմ է քվեարկելու նախագծին։

«Մարտի մեկը ցավ է բոլորիս համար, ԲՀԿ-ն իր ներկայացուցիչներով բազմաթիվ առիթներ է ունեցել՝ քննադատելու և պահանջելու համակողմանի, խորքային քննություն և բոլոր մեղավորների պատիժը»,-ասել է Էնֆիաջյանը։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 117 կողմ քվեարկությամբ։

Ըստ նախագծի՝ աջակցություն ստանալու իրավունք ունի նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը, ինչպես նաև այն անձը, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: