Ղազախ քաղգործիչը հայտնել է երկրի նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 23, 24News

տռֆտռ

Ղազախստանի հասարակական-քաղաքական գործիչ, Ղազախստանի ազգամիջյան շարժման առաջնորդ Բախըտժան Կոպբաևը հայտնել է երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին: Այս մասին Կոպբաևը հայտնել է«Виртуальный дискуссионный клуб «Мысль» ֆեյսբուքյան էջին տված հարցազրույցի ժամանակ:

«Ես՝ որպես ինտերնացիոնալիզմի գաղափարախոսության կողմնակից և հստակ քաղաքացիական դիրքորոշմամբ մարդ, բնականաբար, դատապարտում եմ պաշտոնական իշխանությունների կողմից սեփական բնակչության դեմ այդպիսի չարագործությունների իրականացումը: Չափազանց տարօրինակ կլիներ Հայոց ցեղասպանությունը չճանաչելը: Եթե մենք ճանաչում ենք հրեաների նկատմամբ հիտլերականների իրականացրած ֆիզիկական ոչնչացումը, ապա ինչպե՞ս կարող ենք աչք փակել Օսմանյան կայսրության իշխանությունների համանման գործողությունների վրա: Բոլոր փաստերն արձանագրված են ինչպես արևմտյան երկրների, այնպես էլ հենց թուրքերի կողմից»,- ասել է քաղաքական գործիչը:

Կոպբաևի խոսքով՝ իր հայտարարությունն ավելի շատ ուղղված է ներքին լսարանին, որտեղ թուրքամետ ծայրահեղական ուժերն ակտիվանում են:

Երկրում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին, որոնց մասնակցելու մտադրության մասին Կոպբաևը հայտնել էր ապրիլի սկզբին: