Իսրայելն ու Իրանը նոր սպառնալիքներ են փոխանակել` իրանական հյուպատոսությանը հասցված ավիահարվածից հետո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

аа

«Ամերիկայի ձայնը» գրում է․

Իսրայելը և Իրանը շարունակում են սպառնալ միմյանց՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը իսրայելական ավիահարվածից հետո, ինչի հետևանքով սպանվել էր յոթ հոգի, այդ թվում՝ իրանցի երկու ազդեցիկ գեներալ:

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, թե ապրիլի 1-ի հարձակման համար Իսրայելը «պետք է պատժվի և կպատժվի»։ Ավելի վաղ՝ Խամանեի խորհրդականներից մեկը սպառնացել էր, որ Իսրայելի դեսպանատներն «այլևս անվտանգ չեն»:

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X հարթակում արձագանքել էր՝ «եթե Իրանը հարձակում գործի իր տարածքից, Իսրայելը կպատասխանի ու կգրոհի Իրանը»:

Թեհրանը մեղադրել է նաև ՄԱԿ-ին՝ Մերձավոր Արևելքում պատերազմի հնարավոր տարածման մեջ:

«Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեր սիոնիստական ռեժիմի ագրեսիան Դամասկոսում՝ մեր դիվանագիտական շենքի վրա, և պատասխանատվության ենթարկեր մեղավորներին, ապա Իրանի կողմից այդ ռեժիմին պատժելու անհրաժեշտությունը կարող էր վերանալ»,- ասված է ՄԱԿ-ում Իրանի առաքելության հայտարարությունում:

Այս ամենի ֆոնին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի կենտրոնական շրջանում գտնվող ավիաբազա կատարած այցի ժամանակ խոսել է բազմաթիվ ճակատներում «դժվար ժամանակների» մասին:

«Պատերազմի մեջ ենք, որը շարունակվում է ողջ ուժով, բայց նաև պատրաստվում ենք մարտահրավերների այլ տեղերից»,- ասել է Նեթանյահուն:

Ռուսաստանը և՛ Իրանին, և՛ Իսրայելին կոչ է արել զսպվածություն դրսևորել՝ իր քաղաքացիներին նախազգուշացնելով զերծ մնալ Իսրայել, Լիբանան և պաղեստինյան տարածքներ այցելելուց:

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը կոչ է արել «առավելագույն զսպվածություն ցուցաբերել»։ Գերմանական Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ երկարաձգել է դեպի Իրան թռիչքների ժամանակավոր դադարը՝ մինչև շաբաթ օր:

Իրանից հնչող սպառնալիքի պատճառով Իսրայելն ուժեղացրել է իր հակաօդային պաշտպանությունը:

Իր հերթին՝ Միացյալ Նահանգները հանդես է եկել նախազգուշացմամբ, թե Իրանի կամ նրա դաշնակից ուժերի կողմից հրեական պետության դեմ հարձակման վտանգը մեծ է։

Իրանը «սպառնում է հարձակում գործել Իսրայելի վրա»,- չորեքշաբթի ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ խոստանալով «երկաթե» աջակցություն ցույց տալ Իսրայելին, անգամ այն պարագայում, երբ ԱՄՆ ու Իսրայելի միջև տարաձայնություններ են առաջացել՝ «Համասի» դեմ ռազմական գործողությունների պատճառով։



--00—ՍՊ