«Ապե՛, հլը դուրս արի»․ Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամը՝ ԲՀԿ անդամին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

Երեւանի ավագանու ապրիլի 23-ի նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ «ԲՀԿ» եւ «Իմ քայլը» խմբակցությունների ավագանու անդամներ Արմեն Ներսիսյանի եւ Վազգեն Դարբինյանի միջեւ: Մասնավորապես, ավագանու ԲՀԿ-ական անդամ Արմեն Ներսիսյանը նիստի ընթացքում տեղից վեր կացավ եւ դիմելով «Իմ քայլից» Վազգեն Դարբինյանին՝ ասաց. «Ապե՛, հլը դուրս արի»:

Ավելի ուշ Արմեն Ներսիսյանն իր կանչը հիմնավորեց նրանով, որ այդ ավագանու անդամն իրեն երկար էր նայում, դուրս էր հրավիրում տեսնելու՝ ինչո՞ւ: Հետո նա մեկ այլ հիմնավորում բերեց, թե կանչում էր միասին ծխելու:

ԲՀԿ-ականները լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Արմեն Ներսիսյանի վարքագիծը, ասացին, որ այդտեղ որեւէ վատ բան չկա, ընդամենը քննարկման հրավեր է:

Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանն առաջարկեց էթիկայի խորհուրդ ստեղծել. «Ինչպես ցույց տվեց մեր այսօրվա նիստը եւ առհասարակ բոլոր նիստերը, անհրաժեշտություն եմ տեսնում եւ առաջարկում եմ ստեղծել էթիկայի խորհուրդ, ինչպես ԱԺ-ում է: Այն կհսկի եւ´ ֆեյսբուքյան գրառումները, եւ´ նիստում հնչեցված «դուրս արի, ապե, խոսենք» արտահայտությունները»,- ասաց Լիլիթ Կիրակոսյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը դրական արձագանքեց առաջարկին. «Հետաքրքիր առաջարկ է, ինձ դուր է գալիս այս առաջարկությունը: Կարծում եմ՝ ձեռնամուխ կլինենք»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը եւս դրական արձագանքեց առաջարկին: