Լինելու են եռամսյակային պարգեևավճարներ ամբողջ անձնակազմի համար, բացի քաղաքապետից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

բակո

Լինելու են եռամսյակային պարգեւավճարներ ամբողջ անձնակազմի համար, բնականաբար, բացի քաղաքապետից: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կատակով հավելելով. «բացի ավագանուց»:

«Մեր անձնակազմին արդեն տեղյակ եմ պահել, նաեւ մեր ավագանու անդամներին կուզեի տեղյակ պահել, որ լինելու են եռամսյակային պարգեւավճարներ ամբողջ անձնակազմի համար: Հետագայում կքննարկենք նաեւ աշխատավարձերի բարձրացման հարցը: Բայց առաջնահերթ այս եռամսյակի համար անձնակազմը բառի բուն իմաստով գիշեր-ցերեկ աշխատել է, 3-4 անգամ ավելի աշխատանք է կատարել, քան անցած տարի այս ժամանակ եւ պետք է իր աշխատանքի, նվիրվածության համար պարգեւատրվի»,- ասաց քաղաքապետը:

Պարգեւավճարների թեմայի վերաբերյալ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց․ «Թող որեւէ մեկը չտարածի տեղեկություններ, թե իբր «Լույս» խմբակցությունը դեմ է, որ պարգեւավճարներ, ֆինանսական օժանդակություն տրամադրվի քաղաքապետարանի աշխատակիցներին»,- հավելելով, որ իրենք դեմ են եղել Ամանորից առաջ տրված պարգեւավճարներին այն պատճառով, որ դրանք տրվել են նաեւ մարդկանց, որոնք 2-3 ամիս են աշխատել, նաեւ այն պատճառով, որ դա գաղտնի է պահվել, չի հրապարակվել: