Պադովա քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը կնշվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

Իտալիայի Պադովա քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն։ Այս մասին հայտնում է padovando.com-ը:

Հիշատակի օրը տեղի ժամանակով ժամը 11:00-ին Մորոնի պալատում՝ քաղաքապետարանի նախասրահում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բրոնզե հուշատախտակին դափնեպսակ կդրվի: Միջոցառմանը ներկա կլինեն Պադովայի քաղաքապետ Սերջո Ջորդանին:

Ավելի ուշ երթ կկազմակերպվի դեպի 20-րդ դարի ցեղասպանություններին դիմակայած մարդկանց հիշատակին կառուցված այգի: Երեկոյան հիշատակի ծրագրի շրջանակում կներկայացվեն ցեղասպանությունից հետո Իտալիայում հայերի ինտեգրման պատմությունները:

Նշենք, որ Պադովայի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 1997թ.-ի հոկտեմբերի 27-ին: