Աշխատանքն իր էությամբ պիտի համապատասխանի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքին․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա վեր են հանվել կենսաթոշակային ոլորտում առկա համակարգային խնդիրներ:

Տարեկան հաղորդման մեջ նշվում է՝

1.     մերժվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու անձանց դիմումները՝ պատճառաբանությամբ, որ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող նրանց աշխատանքային ստաժը չի բավականացնում, քանի որ ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների համապատասխան իրավական ակտում նրանց մասնագիտությունները տառացիորեն ներառված չեն:

2.     մերժվում են մասնակի կենսաթոշակ նշանակելու անձանց դիմումները՝ պատճառաբանությամբ, որ իրենց զբաղեցրած պաշտոնը, մասնագիտությունը կամ այն կազմակերպությունը, որտեղ աշխատել են, ներառված չեն համապատասխան իրավական ակտում: Ամբողջական չեն Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ցանկում թվարկված կազմակերպությունները, մասնագիտությունները և պաշտոնները:

3.     մերժվում են երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու անձանց դիմումները՝ պատճառաբանությամբ, որ  զբաղեցրած պաշտոնը, մասնագիտությունը կամ այն կազմակերպությունը, որտեղ աշխատել են, ներառված չեն սահմանված ցանկում:

Ուսումնասիրելով արձանագրված խնդիրները՝ Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդման մեջ ներկայացրել է նաև լուծման առաջարկներ։

Մասնավորապես՝

1.     անհրաժեշտ է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նշանակման յուրաքանչյուր դեպքում ուղղորդվել ոչ միայն սահմանված ցանկերում նշված մասնագիտությունների և պաշտոնների տառացի և նեղ մեկնաբանմամբ, այլև հաշվի առնել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող յուրաքանչյուր մասնագիտության և պաշտոնի բուն էությունը և յուրաքանչյուր դեպքի հիման վրա շարունակաբար կատարելագործել սահմանված ցանկը,

2.     անհրաժեշտ է մասնակի կենսաթոշակի նշանակման յուրաքանչյուր դեպքում առաջնորդվել ոչ միայն սահմանված ցանկում նշված կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների տառացի և նեղ մեկնաբանմամբ, այլև հաշվի առնել մասնակի կենսաթոշակի իրավունք տվող յուրաքանչյուր մասնագիտության և պաշտոնի բուն էությունը, ինչպես նաև մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառել համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը:

3.     անհրաժեշտ է առաջնորդվել այն սկզբունքով, որ աշխատանքն իր էությամբ համապատասխանի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքին:

Թեմային առնչվող մանրամասները ներառված են Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ։