Դատախազությունը Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու փաստաթղթերը ներկայացրել է ՌԴ-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Միհրան

Համապատասխան ընթացակարգերի ապահովմամբ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացվել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հետախուզվող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն ապրիլի 21-ին հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնությունում և ձերբակալվել ՌԴ Կարելիայի Հանրապետությունում: 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: