Հայ-ռուսական հարաբերությունները կայուն են և ունեն ամուր հիմք․ Սերգեյ Կոպիռկին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 23, 24News

Սերգեյ Կոպիռկին

Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին Ազգային ժողովի այգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինը։

Նրա խոսքով՝ ներկա պահին հայ-ռուսական հարաբերությունները պահպանում են իրենց հաջորդականությունը։ «Դրանք կայուն են եւ ունեն ամուր հիմք, միտված են ապագային։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդները եւ մեր երկրների ղեկավարները լիովին հասկանում են, որ եղբայրական դաշնակցային հարաբերությունները մեր երկրների միջեւ համապատասխանում են ժողովուրդների արմատական եւ բուն շահերին։ Եվ պետք է ասեմ, որ սպասում ենք Դմիտրի Մեդվեդեւի այցելությունը Երեւան՝ մասնակցելու ԵՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին»,- ասել է դեսպանը։

Կոպիռկինը նաեւ նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլ նաեւ ինտեգրացիոն միավորումների շրջանակում, կրում են կանոնավոր բնույթ։ «Մեր հարաբերություններն իրենց հիմքում մնում են նույնը եւ համապատասխանում են երկու կողմերի հայտարարություններին ռազմավարական եւ դաշնակցային բնույթի վերաբերյալ»,- ընդգծել է Սերգեյ Կոպիռկինը։