Ոստիկանության պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները խմբով խոշտանգել են ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկված քաղաքացուն:

Ըստ մեղադրանքների` 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Թ. Գ.-ն և նույն բաժանմունքի օպերլիազորներ Ս. Դ.-ն ու Վ. Մ.-ն ծեծկռտուքի մասնակցելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկել Սևան քաղաքի բնակիչ Ա. Մ.-ին: 

Օպերլիազորներ Ս. Դ.-ն ու Վ. Մ.-ն, իրենց հանդեպ վախի զգացում ձևավորելու նպատակով, ոստիկանության Սևանի բաժնի վարչական շենքում ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել ձեռնաշղթայված քաղաքացուն, ապա նրան տեղափոխել են բաժնի աշխատասենյակներից մեկը, որտեղ բաժանմունքի պետ Թ. Գ.-ի հետ շարունակել են խոշտանգել Ա. Մ.-ին` ոտքերով, ձեռքերով և մահակով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Բացի այդ, Ս. Դ.-ն ու Վ. Մ.-ն թքել են Ա. Մ.-ի մարմնի և վերնահագուստի վրա, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է նաև հոգեկան ուժեղ տառապանք: 

Իր նկատմամբ կիրառվող բռնությունները դադարեցնելու նպատակով Ա. Մ.-ն իր մոտ եղած կրակայրիչի մետաղյա մասով դիմել է ինքնավնասման՝ որովայնի շրջանում առաջացնելով քերծվածքներ:

Թ. Գ.-ի, Վ. Մ.-ի և Ս. Դ.-ի կողմից Ա. Մ.-ին խոշտանգելու հետևանքով վերջինիս պատճառվել են գլխի, կրծքավանդակի, որովայնի, վերին և ստորին վերջույթների մարմնական վնասվածքներ, այդ թվում` սալջարդերի, բազմաթիվ քերծվածքների ու արյունազեղումների ձևով: 

Ա. Մ.-ին խմբով խոշտանգելու համար Թ. Գ.-ին, Վ. Մ.-ին և Ս. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը, Թ. Գ.-ի նկատմամբ` ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ Ս. Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: