Միասնությամբ ոգեկոչե՛նք Ցեղասպանության զոհերի հիշատակը․ ԵԿՄ ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

Երկրապահ կամավորականների միության վարչությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: 

Ուղերձը՝ ստորև․

 «Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը:

Այս առումով հայ ազգի կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը` անելով հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Եվ պատմական արդարությունը վերականգնելու համար  ավելանում են Եղեռնը ճանաչող և դատապարտող երկրները:

Դատապարտելով ցեղասպանությունը` մենք միասնականությամբ և համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը: Հայոց պետականության հզորացումն է երաշխիքը ոչ միայն հետագա հնարավոր արհավիրքները կանխելու, այլև ժամանակի ընթացքում վերականգնելու պատմական արդարությունը:

Միասնությամբ ոգեկոչե՛նք Ցեղասպանության զոհերի հիշատակն ու համախմբված ուժերով հզորացնենք մեր երկիրը` հետամուտ լինելով պատմական ճշմարտության վերականգմանը և  Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչմանը»: