Օդանավակայան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել դանակահարություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

Ապրիլի 22-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 37-ամյա տղամարդու, որն ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ըստ հարազատի՝ Օդանավակայան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել դանակահարություն:

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 22-ին, ժամը 17.30-ին, Օդանավակայան փողոցում, վիճաբանության ժամանակ, տղամարդուն սուր կտրող-ծակող գործիքով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 1989 թ. ծնված Ամիրան Ֆ.-ն, որը ժամը 19.00-ին, նշված վայրից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացվել քննչական բաժին:

Ամիրան Ֆ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: