Մհեր Գրիգորյանն ու Յան Վան Բիլսենը քննարկել են ֆինանսական ոլորտում թվայնացման զարգացումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

.

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենին: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձել են Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային համաժողովի շրջանակներում փոխվարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի արդյունքներին: Այնուհետև քննարկվել է ՄՖԿ կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված իրականացվելիք ծրագրերի տրամաբանությունը:

Փոխվարչապետն ընդգծել է, որ Կառավարության կողմից նախանշված բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնցում ՄՖԿ ներգրավվածությունը մեծ նպաստ կբերի, մասնավորապես՝ շեշտվել է կապիտալի շուկայի զարգացումն ու բիզնեսների հրապարակային գործունեության բարձրացումը:

ՄՖԿ տարածաշրջանայի կառավարիչը, որպես Հայաստանի հետ համագործակցության գերակա ուղղություններ, առանձնացրել է ֆինանսական, էներգետիկայի, առողջապահության և տուրիզմի ոլորտները:

Զրուցակիցները կարևորել են ֆինանսական ոլորտում թվայնացման զարգացումն ու կանխիկ շրջանառության նվազեցումը, ինչը կնպաստի նաև բիզնես մթնոլորտի բարելավմանը: Առողջապահության ոլորտում երկուստեք կարևորվել է հիվանդությունների կանխարգելումը: Մհեր Գրիգորյանն ու Յան Վան Բիլսենը մտքեր են փոխանակել նաև տուրիզմի զարգացման համար առկա պայմանների, ինչպես նաև տուրիզմի ոլորտում տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ: