Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

.

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, շնորհավորելով Գարեգին Բաղրամյանին՝ ՀՀ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ նրա փորձը թույլ կտա էական ներդրում ունենալ ՀԾԿՀ առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման գործում:

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ հանձնաժողովը շարունակի լինել անկախ և անաչառ կառույց և լավագույնս կարողանա պաշտպանել սպառողների շահերը:

Նշվել է նաև, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության և թափանցիկության ուղղությամբ գործադրվելիք ջանքերին:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Գարեգին Բաղրամյանը շեշտել է, որ իր աշխատանքը միտված է լինելու մարմնի անկախության, թափանցիկության, սպառողների և տնտեսվարողների շահերի հավասարակշռումը նոր մակարդակի բարձրացնելուն, հանրության հետ կապերի առավել սերտացմանը: