Գեղարքունիքի մարզի շուրջ 10-12 բնակավայրեր զրկված են հեռուստատեսությունից և ռադիոյից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով վթարվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը: Էլեկտրահաղորդման գիծը պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ներկայում Գեղարքունիքի մարզի շուրջ 10-12 բնակավայրեր մասամբ կամ ամբողջությամբ զրկված են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից:

Մինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից վթարի վերացումը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը միջոցներ է ձեռնարկում դիզել-գեներատորի միջոցով հեռարձակման սարքավորումների էլեկտրասնուցումն ապահովելու ուղղությամբ: