Գիտական հետազոտությունների պատվերներ՝ տնտեսական պահանջների հիմքով. քննարկում ԿԳՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

.

Գիտություն-տնտեսություն առավել արդյունավետ համագործակցության, տնտեսության պահանջների հիմքով գիտական մտքի գործնական կիրառման և առևտրայնացման նպատակով ՀՀ կրթության և գիտության  նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ՀՀ ԿԳՆ ԳԿ գիտական գործունեության վարչության պետ Ռուզան Ասատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ինովացիոն քաղաքականության վարչության պետ Շաքե Մեժլումյանը:

Այս մասին հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ինչպես նշել է ՀՀ ԿԳ նախարարը, կրթություն-գիտություն-առևտրայնացում-ինովացիա շղթայում խզում կա, ուստի անհրաժեշտություն է առաջացել առավել արդյունավետ մեխանիզմներ մշակել գիտության արդյունքի առևտրայնացման նպատակով, ինչն իր հերթին կնպաստի գիտության լուրջ միտումների և տնտեսության զարգացմանը:

Նրա խոսքով՝ հաճախ գիտական միտքն ու տնտեսությունը զարգանում են իրար զուգահեռ ու իրարից անկախ, և ներկայում խնդիր է առաջացել գիտության առջև պատվեր ձևավորել թե՛ պետության կողմից, թե՛ մասնավոր սեկտորի, հատկապես բիզնեսի կողմից:

Կարևորելով նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման նպատակով պետության կողմից գիտության ֆինանսավորումը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել՝ մրցունակ նորարարական տեխնոլոգիաների հայտնաբերման ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ որոշվել է ըստ ոլորտների գույքագրել խոշոր տնտեսվարող սուբյեկտների կարիքները, որոնց պահանջարկի հիման վրա էլ կձևավորվեն գիտական հետազոտությունների պատվերներ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ խոշոր տնտեսվարողների պահանջարկը գույքագրելուց հետո կազմակերպել ևս մի քննարկում՝ նպատակ ունենալով գիտության ոլորտի համար ձևավորել հստակ պատվերներ, որոնց լուծման համար կարելի է օգտագործել գիտական ծրագրերի իրականացման համաֆինանսավորման սկզբունքը՝ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի և տնտեսվարող սուբյեկտների հետ համատեղ: