Սան Ֆրանցիսկոյի ղեկավար խորհուրդը գովել է Ցեղասպանության ուսուցման ծրագրի հեղինակներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 24, 24News

18.thumb

Սան Ֆրանցիսկոյի ղեկավար խորհուրդը գովել է Ցեղասպանության ուսուցման կրթական ծրագրի (Genocide Education Project (GenEd)) հեղինակներին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսուցիչների և ուսանողների սերունդներին կրթելու և այդպիսով ապագայում ցեղասպանությունները կանխելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար:

Ինչպես նշվում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում, Ցեղասպանության ուսուցման կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ռոքսան Մակասջյանը Սան Ֆրանցիսկոյի ղեկավար խորհրդի նիստին ելույթ է ունեցել՝ մանրամասն խոսելով Ցեղասպանության ուսուցման ծրագրի մշակման սկզբնական փուլում խորհրդի ունեցած առանցքային նշանակության մասին:

Խորհրդի նիստի բացման ելույթում նշվել է, որ «առանց անցյալի գիտակցման՝ հնարավոր չէ փոխել ապագայի ուղղությունը, և որ այս օրերին Հայոց ցեղասպանության ճանաչումը մեծ քաջություն է պահանջում»: 

Խորհուրդը շնորհակալություն է հայտնԵլ Ցեղասպանության ուսուցման կրթական ծրագրի հեղինակներին կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ դրա շնորհիվ ապագա սերունդները տեղեկացված կլինեն Հայոց ցեղասպանության մասին:

Հայտնի է, որ Ցեղասպանության ուսուցման կրթական ծրագիրը Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման մեթոդաբանության երկամյա նախագիծ է: