Հայրապետյանն այցելել է Մատենադարան և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 24, 24News

Մխիթար Հայրապետյան

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր երկու արտագնա հանդիպում է ունեցել։

Պատգամավորը, նախ, այցելել է Մատենադարան, որտեղ հանդիպել է տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ։ Կողմերը զրուցել են իրականացվող աշխատանքների, Մատենադարանի կարիքների՝ կոնկրետ մասնագետների պատրաստման, վերապատրաստման, առավել մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու մասին, քննարկել հնարավոր համագործակցության տարբերակները։

Զրույցից հետո Հայրապետյանը ծանոթացել է Մատենադարանի՝ վերականգնման բաժնի աշխատանքներին, շրջայց կատարել գիտական մասնաշենքում՝ արխիվում և ընթերցասրահում։

Մատենադարանից հետո Մ․ Հայրապետյանն այցելել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման կենտրոնական գրասենյակ։

Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ քննարկել են աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ազգային և հոգևոր կյանքում ներգրավելու հնարավորությունները, անդրադարձել ազգային, պետական և եկեղեցական տարբեր հարցերի, կարևորել ավանդական արժեքների պահպանումը։