Ցեղասպանության միջազգային ճանաչման ամենակարճ ճանապարհը երկրի հզորացումն է․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 24, 24News

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ամենակարճ ճանապարհը Հայաստանի  հզորացում է։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ՀՀ-ն մարտավարությունը չի փոխել։

«Այն մարտավարությունը, որը մենք ունեք, տարիներ շարունակ ունեցել ենք, խոսուն է։ Տեսնում եք, որ ամեն տարի մի գործընկեր երկիր ճանաչում է Հայոց  ցեղասպանությանը»,- ասաց նա։

Սիմոնյանը, անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտության» տապալմանը, նշեց, թե ի սկզբանե չեր կարծում, թե այդ գաղափարը կարող է հաջողության հասնել։

«Չէի կարծում, որ հնարավոր է այդ ճանապարհով որևէ հաջողության հասնել՝ հաշվի առնելով, որ որևէ դիվանագիտություն սկսելու համար Թուրքիան բազմաթիվ հնարավորություններ է ունեցել։ Դա ի սկզբանե տապալված ծրագիր էր»,- շարունակեց նա։

Հարցին՝ հիմա՞ էլ տապալված ծրագիր կլինի, եթե ՀՀ-ն հաշտության ձեռք մեկնի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե այս հարցի պատասխանը հնարավոր չէ ոտքի վրա տալ։ Միևնույն ժամանակ հավելեց՝ ՀՀ-ն Թուրքիայի կողմից նախապայմաններով խոսելն ընդունելի չի համարում։