Անցյալի սարսափելի հանցագործությունները լռության մատնելը հանցակցություն է․ Ղուլյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 24, 24News

57985

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի տարելիցի կապակցությամբ: 

Աշոտ Ղուլյանի ուղերձը.

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու օրն է: Այսօր, նաև այն մարդկանց փառաբանելու օրն է, ովքեր ի հեճուկս 1915-ի արհավիրքների շարունակեցին պայքարել՝ ապրելով նաև բոլոր չապրած կյանքերի փոխարեն, ստեղծելով նաև իրենց զոհված հայրենակիցների երազած Հայաստանը:

Հայերիս համար անցյալը ոչ միայն ուղղակի իրողություն է, այլև ներկայի ու սեփական կենսագրության անբաժան մաս:

Անցյալի սարսափելի հանցագործությունները լռության մատնելը հանցակցություն է, և այն, որ համընդհանուր ճանաչման ու դատապարտման չեն արժանացել քսաներորդ դարասկզբին հայերի, հույների, ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունները, հող է պատրաստել ցայսօր աշխարհի տարբեր վայրերում իրականացվող նոր ցեղասպանությունների համար:

Իսկ հայ ժողովուրդը՝ համախմբված, անվտանգ ու հզոր հայրենիք կերտելու իր ընտրած ուղով ապացուցեց, որ միայն անկախ պետականությունն է նման հանցագործությունները բացառելու երաշխիքը, և միայն ազգային բանակն է անվտանգության հուսալի երաշխավորը»: