Թուրքիայի հայ համայնքը թուրք հասարակության կողմից ընդունված է․ Public Radio International

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Ամերիկյան Public Radio International-ը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ անդրադարձել է Թուրքիայի հայերին՝ նշելով, որ Ցեղասպանությունը վերապրածների շատ ժառանգներ տասնամյակներ շարունակ ընդհատակում են եղել:

Ներկայացվել են պատմական փաստեր 20-րդ դարասկզբին իրականացված, 1,5 մլն կյանքեր խլած ոճրագործության մասին:

1

Ըստ մասնագետների՝ Ցեղասպանության ժամանակ մոտ 200 000 հայ փրկվելու համար կրոնափոխ է եղել:

Այնուհետև գալով մեր օրերին՝ նշվել է, որ ընդհատակում գտնվող հայերի համար շրջադարձային էր 1996 թվականը, երբ լրագրող Հրանտ Դինքը հիմնեց հայերեն և թուրքերեն հրատարակվող «Ակօս»-ը՝ Թուրքիայի Հանրապետությունում առաջին  հայալեզու թերթը:

1

«Նախքան «Ակօս»-ի ստեղծումը Թուրքիայում հայերի վիճակի մասին գրեթե ոչինչ հայտնի չէր: Երբ մենք նոր էինք սկսում, ոչ ոք չգիտեր՝ Թուրքիայում որքան հայ կա»,- Public Radio International-ը մեջբերել է «Ակօս»-ի լրագրող Բագրատ Էստուկյանի խոսքը։

Սակայն Դինքի սպանությունն ու դրան հաջորդած 100 000-անոց երթը նպաստեցին, որպեսզի Արևելյան Թուրքիայի զտված գյուղերի հայերը բարձրաձայնեն իրենց՝ երկար ժամանակ թաքցրած ինքնության մասին:

1

«Նրանց հարևանները գիտեին, որ նրանք հայեր են, որ կրոնափոխ են եղել ցեղասպանության ժամանակ: Այդ համայնքներում բոլորը գիտեն միմյանց՝ նույնիսկ դարերով»,-նշել է «Գաղտնի ազգ. Թուրքիայի ծպտյալ հայերը» գրքի հեղինակ Ավետիս Հադջյանը:

Աղբյուրը դրական լույսի տակ է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ՝ նշելով․

1

 «Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրություններից առաջ փորձեց կապ հաստատել հայ համայնքի հետ, ինչն ապացուցում է, որ Թուրքիայի հայ համայնքը թուրքական հասարակության ընդունելի բաղադրիչն է»։  Խոսքը այն մասին է, որ Էրդողանը հայերենով ցավակցեց Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ, ինչը նորություն էր  տեղի հայության համար: Աղբյուրը նկատում է նաև, որ անսպասելի էր ՏԻՄ ընտրություններում հայ ընտրազանգվածի նկատմամբ դրսևորված ուշադրության բարձր մակարդակը:

1

Աղբյուրը նկատում է, որ միևնույն ժամանակ Թուրքիայի հայերը, տեսնելով, թե Հայաստան տեղափոխված սիրիահայերն ինչ ջերմ ընդունելության են արժանանում, նոր հետաքրքրությամբ են լցվում Երևանի հանդեպ:

«Հալեպի ավերումը մեծ ազդեցություն գործեց Թուրքիայի հայերի մեջ իրենց ինքնության զարթոնքի հարցում: Տասը տարի առաջ Թուրքիայի հայերը երազում էին ԱՄՆ-ի «Գրին քարտ» ստանալու մասին: Հիմա նրանք դրա փոխարեն ՀՀ քաղաքացիություն են ուզում ունենալ»,-ասել է Էստուկյանը:

1